211652_close_icon
views-count622 դիտում article-date 16:46 08-11-2022

Հայաստանը մեծ նշանակություն է տալիս Լեհաստանի հետ միջխորհրդարանական համագործակցության ձևաչափին

Հայ-լեհական հարաբերությունների օրակարգում միջխորհրդարանական համագործակցության ձեւաչափը կարեւոր տեղ է զբաղեցնում. Հայաստանը մեծ նշանակություն է տալիս դրանց զարգացմանը՝ որպես միջպետական հարաբերությունների կարեւոր բաղկացուցչի: 

Այս մասին ասել է ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը նոյեմբերի 8-ին կայացած Լեհաստանի Հանրապետության Սենատի արտաքին հարաբերությունների եւ Եվրոպական միության հարցերով հանձնաժողովի նախագահ, Ազգային պաշտպանության նախկին նախարար Բոգդան Կլիխի հետ հանդիպման ընթացքում: Հայտնում է ԱԺ կայքը։ 

Արման Եղոյանը շնորհակալություն է հայտնել Բոգդան Կլիխին՝ հատկապես նման բարդ ժամանակներում Հայաստան այցելելու համար:

Նրա գնահատմամբ մեկ ամիս առաջ Հայաստան-Լեհաստան բարեկամական խմբի Լեհաստան կատարած այցը բավականին արդյունավետ էր: Համատեղ ջանքերի շնորհիվ հարաբերությունների օրակարգը դարձել է առավել ընդգրկուն՝ ներառելով համագործակցության տարբեր ոլորտներ: Ընդգծելով, որ Լեհաստանը կարեւոր դերակատարում ունի Եվրոպական միությունում, Եվրոպայի խորհրդում՝ Արման Եղոյանը նշել է՝ Հայաստանը եվրոպական հարթակներից աջակցության կարիք ունի:

«Լեհաստանն առաջին երկրներից է, որը վավերացրել է Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագիրը, ինչի համար շնորհակալ ենք ձեզ»,- ասել է հանձնաժողովի նախագահը:

Նա ներկայացրել է Հայաստանում եւ Արցախում տիրող իրավիճակը, անդրադարձել Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների եւ քաղաքացիական անձանց  անհապաղ եւ անվերապահ հայրենադարձման խնդրին, ինչպես նաեւ բարձրացրել հումանիտար աջակցության անհրաժեշտության հարցը:  Պատգամավորն անընդունելի է համարել ադրբեջանական ագրեսիան ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ:

Բոգդան Կլիխը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար: Նրա խոսքով Հայաստանը կարեւոր դեր ունի տարածաշրջանում: Լեհաստանի Հանրապետության Սենատի արտաքին հարաբերությունների եւ Եվրոպական միության հարցերով հանձնաժողովի նախագահն արդյունավետ համագործակցությունը շարունակելու պատրաստակամություն է հայտնել:

Անդրադարձ է կատարվել նաեւ տարածաշրջանային մարտահրավերներին, դրանց դիմակայելու ուղիներին:

Նմանատիպ նյութեր