211652_close_icon
views-count1320 դիտում article-date 19:50 28-10-2022

Եկող տարվա ապրիլից կամավոր կատեստավորվեն նաև մարզիչները. Սիսակ Գաբրիելյան

2023 թ. ապրիլի 1-ից սպորտային մարզիչները նույնպես կամավոր կատեստավորվեն, ինչի արդյունքում կբարձրանա նրանց աշխատավարձը. ասել է Սիսակ Գաբրիելյանը հոկտեմբերի 28-ին ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովում «Մարզական ֆեդերացիաների ֆինանսական խնդիրները» թեմայով քննարկմանը:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱԺ պաշտոնական կայքը, հանձնաժողովի նախագահը նաև հավելել է, որ Կառավարությունը մարզիչներին կտրամադրի սուբսիդավորված աշխատավարձ: Ըստ նրա՝ դրանով մարզաշխարհի բոլոր խնդիրները չեն լուծվի, սակայն զգալի առաջընթաց կլինի:

Մեր երկրում գործում է երեք տասնյակից ավելի մարզական ֆեդերացիա, որոնք հիմնականում ֆինանսավորվում են պետության կողմից, նաև ստանում են դրամաշնորհներ:

Մարզաձևերի հանրայնացման հարցում Սիսակ Գաբրիելյանն առաջարկել է որոշակի մարզաձեւերի եզրափակիչներն անցկացնել հանրային վայրերում՝ հրապարակներում, կենտրոնական փողոցների ընդարձակ հատվածներում, զբոսայգիներում:

ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար Կարեն Գիլոյանը մանրամասն ներկայացրել է ոլորտի հիմնախնդիրները, որոնց լուծման առնչությամբ կարևոր է համարել գործող օրենսդրության բարեփոխումները: Ըստ փոխնախարարի՝ Կառավարությունը 90 տոկոսով ֆինանսավորում է մարզական ֆեդերացիաներին և Հայաստանի հավաքականներին, ինչպես նաև միջազգային մրցումներում բարձր ցուցանիշներ գրանցած մարզիկներին:

Կարեն Գիլոյանը նշել է նաև, որ 5 մարզական ֆեդերացիա է օգտվում հովանավորչական ֆինանսավորումից: Փոխնախարարն առաջարկել է ֆինանսավորումն իրականացնել ըստ անհրաժեշտության, ինչը նաև կկանխի կոռուպցիոն երեւույթները: Մարզաձևերի զարգացման ուղղությամբ էլ կարևորվել է հարկերից ազատելու մեթոդի կիրառումը, որն ընդունված է աշխարհի զարգացած շատ երկրներում:

Մարզական ֆեդերացիաների ներկայացուցիչները, ընդգծելով նմանօրինակ քննարկումների անհրաժեշտությունը, առաջարկել են օրենսդրորեն փոխել մարզական կառույցների ֆինանսավորման համակարգը, աշխատավարձ վճարել մեր երկրի բոլոր հավաքականների գլխավոր մարզիչներին, ինչպես նաև ֆինանսավորել մարզական ակումբներին: Մարզաձևերի զարգացումն ապահովելու, մարզական ակումբների կենսապայմանները բարելավելու նպատակով՝ առաջարկվել է քաղաքային համայնքների բյուջեներից գումարներ հատկացնել:

Բնագավառի խնդիրների վերաբերյալ քննարկումները կլինեն շարունակական: