211652_close_icon
views-count2067 դիտում article-date 19:02 19-10-2022

Բրյուսովի համալսարանի շենքում Թուրքիայի դեսպանատուն բացելու խոսակցությունները անլուրջ են․ Առնակ Ավետիսյան. News.am. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Բրյուսովի համալսարանի շենքի տեղում Թուրքիայի դեսպանատուն բացելու մասին խոսակցությունները անլուրջ են։ News.am-ի փոխանցմամբ՝ այս մասին այսօր՝ հոկտեմբերի 19-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Առնակ Ավետիսյանը։

«Բրյուսովի և այլ համալսարանների շենքերի հետ կապված որևէ ծրագիր կառավարությունը  այս պահին չունի, կարճաժամկետ ապագայում որևէ գործողություններ չեն նախատեսվում։ Կան որոշակի ռազմավարական նպատակներ, որոնք սահմանված են ինչպես կառավարության ծրագրով, այնպես էլ գործողությունների ծրագրով, որոնք հայտարարվել են կառավարության անդամների կողմից։ Բայց կոնկրետ ծրագրեր, կոնկրետ համալսարանների շենքերի հետ կապված, չկան։ Համալսարանների շենքերը մեծ մասամբ համարվում են պետական սեփականություն, դրանք անհատույց օգտագործման իրավունքով տրված են համալսարաններին որոշակի գործունեություն իրականացնելու նպատակով»,- ասաց Առնակ Ավետիսյանը։

Վերջինս նշեց, որ գույքի տնօրինման առումով կարճաժամկետ նպատակներ չկան այս պահին։

Ճշտող հարցին, կա՞ որևէ սահմանափակում պետական գույքը որպես դեպանատուն տնօրինելու հետ կապված, Առնակ Ավետիսյանը ասաց, որ նման սահմանափակում չկա։

Անդրադառնալով բիզնես նպատակով պետական գույքի օգտագործման վերաբերյալ հարցին, Ավետիսյանն ասաց․ «Բիզնես նպատակով շենքերի օգտագործման մեջ ոչ մի սարսափելի և անթույլատրելի բան չկա, այսինքն, եթե լինեն ազատ շենքեր, կառավարությունը և պետգույքի կառավարման կոմիտին կմտածեն այդ գույքի հետագա օգտագործման օպտիմալ տարբերակը, այդ թվում՝ օտարում, վարձակալում, այլ կազմակերպություններին տրամադրում և այլն»։

Հարցին՝ կա՞ն Թուրքիայի և Ադրբեջանի քաղաքացիներ, ովքեր ՀՀ-ում պետական գույք են ձեռք բերել, Ավետիսյանը ասաց, որ ոչ։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքի տեսանյութում

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր