211652_close_icon
views-count2235 դիտում article-date 16:09 06-10-2022

Հայաստանի պաշտպանության նախարարությունն անհեթեթ է որակում Ադրբեջանի դատախազության պնդումը

Հայաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարում է, որ ադրբեջանցի զինծառայողների մարմիններ ադրբեջանական կողմին չեն փոխանցվել։ ՀՀ ՊՆ-ն հերքում է պաշտոնական Բաքվի պնդումները՝ դրանք անհեթեթություն որակելով:

«Ադրբեջանը, փորձելով ինչ-որ բացատրություն գտնել ողջ աշխարհով տարածված սարսափելի տեսանյութին, որտեղ ադրբեջանցի զինծառայողները գնդակահարում են զինաթափված հայ զինծառայողներին, երկրի գլխավոր դատախազության միջոցով այսօր մի անհեթեթություն է տարածել, ըստ որի՝ իբր «ադրբեջանական կողմին է փոխանցվել 6 ադրբեջանցի զինծառայողի մարմին, որոնց տանջամահ են արել այն հայ զինծառայողները, որոնք պատկերված են հիշյալ տեսանյութում»։ 

Գրեթե ողջ քաղաքակիրթ աշխարհից հնչած դատապարտումներն ու հետաքննություն անցկացնելու կոչերն ընդունելու փոխարեն՝ պաշտոնական Բաքուն փորձում է արդարացումներ գտնել իր զինծառայողների կողմից իրականացված հրեշավոր վայրագություններին։ 

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հայտարարում է, որ ադրբեջանցի զինծառայողների մարմիններ ադրբեջանական կողմին չեն փոխանցվել, իսկ Ադրբեջանի գլխավոր դատախազության տարածած հաղորդագրությունը կոչված է կոծկել Ադրբեջանի ԶՈՒ կողմից իրականացված պատերազմական հանցագործությունները»,- ասվում է ՊՆ տարածած հաղորդագրության մեջ։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր