211652_close_icon
views-count2165 դիտում article-date 10:37 29-09-2022

Անեծքների երկու հեղեղ՝ տարբեր ուժգնության․ «Առավոտ»

«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է․ «Օրերս հեռուստատեսային հարցազրույց տվեց ՀՀ առաջին նախագահը, եւ նրա հիմնական ուղերձն այն էր, որ ամեն ինչ կորած է, եւ պետք է հնարավորինս արագ պաշտոնապես արձանագրել Արցախի վերջնական կորուստը, թե չէ հետո ավելի վատ կլինի: Հնարավո՞ր է արդյոք, այնպես անել, որ Արցախում ապրող մեր հայրենակիցները գաղթական չդառնան եւ ցամաքային կապը Հայաստանի հետ պահպանվի: Դա, բացի Փաշինյանից, ոչ ոք չգիտի: Չգիտի նաեւ Տեր-Պետրոսյանը:

Որքան կարող եմ հասկանալ՝ իշխանության դիրքորոշումը մոտավորապես հետեւյալն է. տարբեր երկրներում, նաեւ՝ Ադրբեջանում (երբ Արցախը վերջնականապես կհանձնեն Ադրբեջանին) ապրող հայերի անվտանգության խնդիրն ուղղակիորեն չի առնչվում Հայաստանին, թող այդ հայերը բանակցեն տվյալ պետության իշխանությունների հետ ու ստանան անվտանգության երաշխիքներ: Թե որքանով է Ադրբեջանը հակված բանակցել արցախցիների հետ՝ կարող եմ միայն պատկերացնել: Եվ խիստ կասկածում եմ նաեւ, որ որեւէ մեկը, այդ թվում՝ Մինսկի խմբի համանախագահ երկրները, հնարավորություն ունեն պարտադրելու Ալիեւին՝ նստել նման բանակցությունների:

Երեկ ասուլիսով հանդես եկավ ՀՀ երկրորդ նախագահը, որի մոտեցումը Տեր-Պետրոսյանի դիրքորոշման հետ համեմատած, ավելի լավատեսական էր: Ըստ նրա՝ մենք դեռ հնարավորություն ունենք Արցախը կամ Արցախի մնացած մասը պահել որպես հայկական հող: Բայց այդ մոտեցումը հասարակությանը լավատեսությամբ չվարակեց, եւ խնդիրը ոչ այնքան Քոչարյանի փաստարկներն են, որքան նրա անձը եւ հավակնությունները:

Պարզ է, որ Տեր-Պետրոսյանի հարցազրույցը, իսկ այնուհետեւ՝ Քոչարյանի ասուլիսը, անեծքների եւ հայհոյանքների հեղեղներ են առաջացրել սոցցանցերում: Բայց դրանք իրենց ուժգնությամբ չես համեմատի: Երկրորդ դեպքում հեղեղը շատ ավելի առատ էր: Պատճառը պարզ է՝ Քոչարյանն, ըստ էության, ղեկավարում է գործող խորհրդարանական ընդդիմադիր խմբակցությունը, եւ չի հրաժարվել իշխանության վերադառնալու հավակնություններից: Դրա հետեւանքով «անկեղծ անիծողների» զանգվածին ավելանում է իշխանության քարոզիչների մի հսկայական բանակ՝ ֆեյքերի եւ իրական մարդկանց տեսքով: Այդ բանակն, իհարկե, հայհոյելու է ցանկացած գործչի, որի մտքի ծայրով անգամ կանցնի այսօր կամ ապագայում մրցակցել Փաշինյանի հետ: Բայց Ռոբերտ Քոչարյանն այդ առումով առանձնակի հարմար թիրախ է՝ գործել է բազմաթիվ մեղքեր եւ առաջացրել է քաղաքացիների արդար ցասումը: 

Եթե Քոչարյանը ցանկանում է, որ իր այսօրվա գործունեությունն արդյունավետ լինի, նա պետք է հայտարարի, որ այլեւս երբեք իշխանության չի հավակնելու: Իսկ «Հայաստան» խմբակցության պատգամավորները վայր դնեն իրենց մանդատները: Ինչ-որ բան ինձ հուշում է, որ սա իրատեսական մոտեցում չէ»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր