211652_close_icon
views-count46216 դիտում article-date 11:30 27-09-2022

Արտակարգ դեպք՝ Գեղարքունիքի մարզում. դիրքերից իջած պայմանագրային զինծառայողը նռնակով զինված փորձել է Սևանում պայթեցնել աներոջն ու նրա ընտանիքի անդամներին, հնչել է պայթյուն, դեպքի վայր են ժամանել մարզի և Սևանի ոստիկանապետերը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ՝ սեպտեմբերի 26-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 23։20-ի սահմաններում ոստիկանության Սևանի բաժին օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Սևան քաղաքի Խաչերի փողոցի տներից մեկում փեսան կոտրում է տան իրերը և որ նա զինված է։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված հասցե են մեկնել ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության պետ Արթուր Մկրտչյանը, վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ Տիգրան Պետրոսյանը, ոստիկանության Սևանի բաժնի պետ Սուրիկ Ջանիկյանը, բաժնի պետի ծառայության գծով տեղակալ Դավթյանը, քրեական հետախուզության բաժանմունքի պետ Կարեն Ավետիսյանը։

Ոստիկանները նշված փողոցի տներից մեկի բակում նկատել են, որ մի տղամարդ, որի ձեռքում եղել է նռնակ՝ օղակը հանած վիճակում, ընտանիքի անդամների հասցեին հնչեցնում է սպանության սպառնալիքներ։ 

Մարզի ոստիկանապետի գլխավորությամբ ոստիկանները սկսում են բանակցություններ վարել այդ տղամարդու հետ, որպեսզի ինքնակամ հանձնվի, սակայն այդ տղամարդը չի ենթարկվում ոստիկանության աշխատակիցների օրինական պահանջին և ձեռքին եղած նռնակը նետում է նշված տանը կից տնամերձ հողամաս, ինչի հետևանքով նռնակը պայթում է և տան որոշ հատվածների պատճառվում է վնաս։ 

Արդեն տեղում ոստիկանները վնասազերծում են այդ տղամարդուն և տեղափոխում ոստիկանության Սևանի բաժին։ 

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ այդ տղամարդը Գեղարքունիքի մարզի բնակիչ՝ 34-ամյա Հ. Խ-ն է, ով ծառայում է ՀՀ ՊՆ N զորամասում՝ որպես պայմանագրային զինծառայող։ Նա խոստովանել է, որ նռնակը ձեռք է բերել իր ծառայության դիքերից։ 

Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության Գեղարքունիքի մարզի ռազմական ոստիկանության բաժնի ծառայողները։ 

Դեպքի փաստով Հայաստանի քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության 5-րդ կայազորային քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ։ Քննիչի որոշմամբ նշանակվել է փորձաքննություն՝ պարզելու նաև՝ ինչ տեսակի նռնակ է եղել։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Համլետ Խ-ն նռնակը պայթեցրել է իր աներոջ տանը, որտեղ այդ պահին եղե են աներն ու ընտանիքի անդամները։

Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 11+
11+

Նմանատիպ նյութեր