211652_close_icon
views-count1453 դիտում article-date 10:03 27-09-2022

Ռուսաստանում ավելի քան 500 ցուցարար է ձերբակալվել՝ զորահավաքի դեմ սկսված ցույցերի ժամանակ․ «Ամերիկայի ձայն»

Մոսկվայում և Սանկտ Պետերբուրգում ոստիկանները բերման են ենթարկել զորահավաքի դեմ սկսված բողոքի ցույցերի մասնակիցներին։ Ցույցերն անցկացնելու մասին կոչով հանդես էր եկել «Գարուն» շարժումը: Հանրահավաքի վայրը հայտարարվել էր հանրահավաքը սկսելու օրը: Հաղորդում է «Ամերիկայի ձայնը»։

Ըստ OVD-Info-ի, Մոսկվայի ժամանակով ժամը 18:30-ի դրությամբ ավելի քան 200 մարդ է բերման ենթարկվել, Սանկտ Պետերբուրգում՝ գրեթե 100: Մոսկվայում մարդիկ բերման են ենթարկվել Չիստյե Պրուդիում։ OVD-Info-ի փոխանցմամբ՝ Մոսկվայում ձերբակալվածների թվում կա տեսողության խնդիրներ ունեցող մի անչափահաս։

Ձերբակալությունները շարունակվել են Զարյադյեում, ուր հասել են երթի մի քանի տասնյակ մասնակիցներ։

Սանկտ Պետերբուրգում մարդկանց բերման են ենթարկել Սադովայա փողոցից։ ՕՄՕՆ-ն օգտագործել է մահակներ և էլեկտրաշոկ։ Ըստ ականատեսների՝ հանրահավաքներին ավելի քիչ մարդ է եղել, քան զորահավաքի հայտարարման օրը՝ սեպտեմբերի 21-ին։

«Գարուն» շարժման հայտարարած բողոքի ակցիաները այսօր տեղի են ունենում նաեւ Ռուսաստանի այլ քաղաքներում։ Ինչպես հայտնում է OVD-Info-ն, Մոսկվայի ժամանակով ժամը 17.30-ին ողջ երկրում մոտ 500 մարդ է ձերբակալվել:

Սեպտեմբերի 21-ի ցույցերից հետո Ռուսաստանում ձերբակալվել է ավելի քան 1000 մարդ։ Բերման ենթարկված երիտասարդներից շատերին ներկայացվել են զինկոմիսարիատներ ներկայանալու ծանուցագրեր:

2022 թվականի սեպտեմբերի 21-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց Ուկրաինայի պատերազմին մասնակցելու նպատակով երկրում զորահավաք սկսելու մասին: Պուտինն այն անվանել է մասնակի: Սակայն բազմաթիվ շրջաններից ստացվում են զանգվածային զորակոչ իրականացնելու մասին տեղեկություններ:

Նմանատիպ նյութեր