211652_close_icon
views-count2234 դիտում article-date 19:24 15-09-2022

Բոլորս հայաստանցի ենք և բոլորիս հայրենիքը մեկն է՝ Հայաստանը. հայ կնոջ կոչը

Մեր ժողովրդի այս օրհասական պահին, որպես հայ կին, որպես ՀՀ շարքային քաղաքացի, չեմ կարող հանգիստ նստել և չդիմել հայոց այրերին, իմ քույրերին, մայրերին, դուստրերին, աշխարհասփյուռ հայ ժողովրդին:

Իհարկե, այս օրերին բազում իրարամերժ կոչեր եմ լսում և կարդում, և հենց այդ իրարամերժությունն ինձ ավելի է անհանգստացնում, քանզի այսօր, այս ճակատագրական պահին միայն մեկ կոչ կարող է հնչել և պետք է հնչի՝ միասնականություն, համախմբում պետության և պետականության շուրջ:

Այսօր, երբ թշնամին փորձում է կոտրել մեր երկրի ողնաշարը, երբ արդեն իսկ մեր հող-հայրենիում է և մեր զինվորները, կամավորները, հասարակ  մարդիկ քաջաբար կռվում ու մարտնչում են յուրաքանչյուրիս հայրենիքը պաշտպանելու  համար, և զոհվում՝ հանուն մեր բարօրության, մենք իրավունք չունենք տարվելու ներքին խժդժություններով, բանսարկություններով, անհաշտություններով: Միայն բոլորիս հավաքական ուժի շնորհիվ է, որ կարող ենք դուրս մղել  վայրագ թշնամուն մեր երկրից, ապահովել մեր երկրի անվտանգությունը և մեր երիտասարդների, մատաղ սերնդի  խաղաղ ապագան:

Կոչ եմ անում յուրաքանչյուրիս՝ մոռանալ Հայաստանի բոլոր տարածաշրջանների և բոլոր կուսակցությունների տարաձայնությունները, հիշել, որ բոլորս հայաստանցի ենք և բոլորիս հայրենիքը մեկն է՝ Հայաստանը:

Կոչ եմ անում սփյուռքի մեր հայրենակիցներին՝ թև ու թիկունք լինել Հայաստանի բնակչությանն ու պետականությանը, ինչպես որ մշտապես մեր կողքին եք եղել: Այսօր հայրենիքը Ձեր կարիքն ունի առավել քան երբևէ: Մոռացեք Ձեր բազմակուսակցականությունը և բոլոր հակասությունները, ցույց տվեք, որ կարող եք դժվարին կացություններում միասնական և հզոր լինել:

Կոչ եմ անում այն մարդկանց, ովքեր նեղ  անձնական, կուսակցական կամ այլ շահերից դրդված չեն կարող օժանդակել կամ օգտակար լինել այս բարդ ու դժվարին պահին,- նստեն իրենց տներում և գոնե չխանգարեն, դրանով էլ նրանք կարող են իրենց չափով նպաստել  միասնականության և համախմբվածության ձեռք բերմանը:

Կոչ եմ անում մեր երիտասարդությանը՝ չհուսահատվել, չընկրկել, չերկմտել և հավատալ, որ մեր գործն արդար է, մեր հայրենիքի փրկությունը նաև Ձեր ձեռքերում է: Հայրենիքը հատկապես Ձեր ուժի, Ձեր քաջության, անվախության կարիքն ունի:

Կոչ եմ անում մեր մեծահարուստներին,- հիշեք, որ Ձեր ողջ ունեցվածքն ու կարողությունը վաստակել եք այս հողի վրա, որում հիմա մեր երիտասարդների արյունն է թափվում:  Ձեր հնարավորությունների ողջ հզորությունն օգտագործեք մեր բանակի կողքին լինելու, նրա հոգսը հոգալու, նրան զորավիգ  լինելու, նրա թիկունքն ամուր պահելու համար:

Կոչ եմ անում մեր ողջ ժողովրդին՝ թույլ մի տվեք, որ չարամիտ սրիկաներ հայտնվեն Ձեր կողքին, զինվեք համբերությամբ, խոհեմությամբ և պայքարելու ու հաղթելու հզոր կամքով, քանզի միասնական կամքով և Աստծո զորությամբ միայն կարող ենք հաղթել և պիտի՛ հաղթենք:

Արփենիկ Հայկի Մուրադյան
 
 

Նմանատիպ նյութեր