211652_close_icon
views-count66381 դիտում article-date 19:10 14-09-2022

Ջերմուկի դիրքերում զոհվել է Շուշիի մատույցներում իր խմբով հերոսացած կապիտան Արման Զաքարյանը. Yerkir.am

Yerkir.am-ը գրում է. Ռազմաճակատից հասած առաջին լուրերը վերստին կորստի անամոք ցավով համակեցին հայ ազգին. նոսրանում են ՀՀ ԶՈՒ մարտական բարձր պատրաստվածությամբ սպայակազմի շարքերը, պատերազմը խլեց նրանցից շատերի կյանքը:

Ջերմուկի պաշտպանական դիրքերում երեկ զոհվեց ՌԴ Ռյազանի օդադեսանտային բարձրագույն հրամանատարական ուսումնարանի շրջանավարտ, կապիտան Արման Զաքարյանը: Նա 2020թ. Շուշիի մատույցներում հատուկ նշանակության իր խմբով հերոսաբար մարտնչեց` խոչընդոտելով Քարին տակից բարձրացող ճանապարհով հակառակորդի զորքի առաջխաղացումը։

Արմանի հետ հարցազրույց էի վարել 2021 թ. ապրիլին, երբ նա պատրաստվում էր մեկնել` ուսումը շարունակելու ՌԴ ռուհերից մեկում… Նա պատմում էր պատերազմը վերապրածի իր զգացողությունների մասին, նա բախվել էր հակառակորդի հետ մի քանի մետր հեռավորությամբ, նայել մահվան աչքերին և հրաշքով միայն կենդանի մնացել, նա վերջիններից մեկն էր դուրս եկել Շուշիի մատույցներից՝ որպես խիզախ ու անկոտրում կամքի տեր հրամանատար իր դասակի  զինվորներին անվնաս դուրս բերելով շրջափակումից։

Արմանն անափ խորությամբ հայացք ուներ, նրա կանաչ աչքերի խորքում մի քանի օրերի ընթացքում ապրած մի ողջ կյանք էր ամփոփված՝ լի հուսահատության, հպարտության, վախի, սարսափի, կորստի ցավի, չգնահատված լինելու դառը զգացողությամբ։ Պատերազմից հետո նա այլ աչքերով էր նայում կյանքին ու աշխարհին. այնտեղ՝ մարտի դաշտում ռմբակոծությունների, պայթյունների մահացու տեղատարափի ներքո զինակիցների վիրավորվելու, մահվան ահասարսուռ դեպքերը նրան ստիպել էին արժևորել ամեն բացվող օրը, որը  իր  ծառայակիցներից շատերին չէր վիճակվել ապրել...

Հարցին, թե ՝ պատերազմի դաշտում յուրաքանչյուր զինվոր բազմաթիվ պատահականությունների շնորհիվ է ողջ մնում, Շուշիի մատույցներում՝ կյանքի ու մահվան սահմանագծին, առկախված անորոշության մեջ հավատո՞ւմ էիր պատահականություններին, նա պատասխանեց.

-Մարտի դաշտում հրամանատարը մահվան մասին մտածելու շատ ժամանակ չի ունենում, երբ նկատում  է իրեն նայող տասնութամյա զինվորների՝ փրկության հույսով լի հայացքները։ Բայց ես Շուշիից զանգահարեցի Մարտակերտի դիրքերում գտնվող հորս և ասացի.«Հաջող պապ, իմացիր, որ ես չեմ փախել, իմ դասակը մինչև վերջին օրը կանգնած է ամենաթեժ կետերից մեկում»։ Մարտերն այնքան թեժ էին ընթանում, այդ պահին մտածում էի, որ զոհվելու եմ... Ուզում էի՝  հայրս վերջին անգամ ձայնս լսի...

Նրա հայրը՝ պահեստազորի մայոր Մանուկ Զաքարյանն է, Արցախն ազատագրողներից մեկը, ով ողջ կյանքը նվիրել է զինվորական ծառայությանը։ 2020թ. ևս պատերազմի գույժը լսելով` անվարան մեկնեց Արցախ   դեսանտագրոհային դասակի հրամանատար ավագ որդու և հրետանավոր կրտսեր որդու հետ կողք կողքի մարտնչելու...

Մոր մասին Արմանը խոսում էր առանձնակի քնքշությամբ ու սիրով.

-Մայրս համարձակ կին է, ես մայրիկիս եմ նման (ժպտում էր)... Միակ բանը, որ մայրս մեզ խնդրում էր պատերազմի ընթացքում` միայն թե ամեն օր զանգեք, երեքիդ ձայնն էլ լսեմ, իմանամ` ողջ եք…

Մանրամասներն՝ այստեղ

Նմանատիպ նյութեր