211652_close_icon
views-count300 դիտում article-date 15:17 14-09-2022

Առաջարկվում է հստակեցնել հայերեն ժեստերի լեզվով եւ ենթագրերով հեռարձակվող հաղորդումների տեսակները

Նախաձեռնության նպատակն է նպաստել լսողության խնդիր ունեցող անձանց համար տեղեկատվություն մատչելիությանը. ասել է ««Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին», ««Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում լրացում կատարելու մասին» եւ ««Լեզվի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենսդրական փաթեթի հեղինակ Զարուհի Բաթոյանը:

Օրեսդրական փաթեթն առաջին ընթերցմամբ քննարկվել է ԱԺ սեպտեմբերի 14-ի հերթական նիստում:

Առաջարկվում է հստակեցնել հայերեն ժեստերի լեզվով եւ ենթագրերով հեռարձակվող հաղորդումների տեսակները եւ ավելացնել դրանց ծավալը, ինչպես նաեւ հայերեն ենթագրերով եւ ժեստերի լեզվի թարգմանությամբ լրացուցիչ եւ պարտադիր հաղորդումների ցանկ սահմանել Հանրային հեռարձակողների համար՝ ներառելով կրթական, առողջապահական, մշակութային եւ ժամանցային բնույթի հաղորդումները, պաշտոնական տեղեկատվությունը, արտակարգ եւ ռազմական դրության ժամանակ հատուկ թողարկումները եւ սոցիալական գովազդը:

«Լեզվի մասին» ՀՀ օրենքում առաջարկվում է սահմանել «Ժեստերի լեզու» հասկացությունը, իրավական հիմքեր ստեղծել Ազգային ժողովի հատուկ նիստերի, խորհրդարանական լսումների առցանց հեռարձակումն Ազգային ժողովի պաշտոնական ինտերնետային կայքով հայերեն ժեստերի լեզվի թարգմանությամբ կազմակերպելու համար:

ԱԺ գլխադասային հանձնաժողովը փաթեթին դրական եզրակացություն է տվել: Կառավարությունը ներկայացրել էր մի շարք առաջարկներ, որոնք հեղինակն ընդունել է:

Հայաստանի Հանրապետությունում նախադպրոցական, հանրակրթական, նախնական մասնագիտական (արհեստագործական) եւ միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող, այդ թվում` հաշմանդամություն ունեցող անձանց կրթության իրավունքի իրացման համար լրացուցիչ երաշխիքներ ստեղծելու եւ կրթության կազմակերպման գործընթացի ներառականությունն ապահովելու անհրաժեշտությամբ պայմանավորված՝ ՀՀ ԱԺ պատգամավոր Զարուհի Բաթոյանը փոփոխություններ ու լրացումներ է առաջարկում «Կրթության մասին» օրենքում: Օրինագծով առաջարկվող կարգավորումների մանրամասները՝ այստեղ:  
 
«Կառավարության դիրքորոշումը քննարկվող հարցի վերաբերյալ դրական է»,- ասել է ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը՝ նշելով, որ Կառավարության 5 առաջարկներն ընդունվել են հեղինակի կողմից: Փոխնախարարի խոսքով՝ նախադպրոցական կրթության ոլորտում ներառականության ապահովման մասով աշխատանքները սկսված են. այս տարի 4 մարզ եւ Երեւանն անցել են համընդհանուր ներառման: Պետական բյուջեով այս տարվա սեպտեմբերին ավելի քան 200 մլն դրամի չափով ֆինանսավորում է հատկացվել կրթության եւ զարգացման առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների համար: Գալիք տարվա բյուջետային հայտում ավելի քան 35 մլն դրամ նախատեսվել է բրայլյան դասագրքերի եւ տետրերի գնման համար:

ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Թագուհի Ղազարյանը ներկայացրել է հանձնաժողովի դրական եզրակացությունը:
 

Նմանատիպ նյութեր