211652_close_icon

Ոստիկանները դպրոցներում անցկացրել են «Օրինապահ հետիոտն» թեմայով հանդիպում-զրույցներ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

views-count1950 դիտում article-date 14:11 08-09-2022
2022-2023 թթ. ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ սեպտեմբերի 1-ից հոկտեմբերի 1-ը, հասարակական կարգի պահպանության և ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման նպատակով, հանրապետության ողջ տարածքում իրականացվում են ուժեղացված ծառայություններ՝ «Զգուշացեք՝ երեխաներ են» խորագրով։ Տեղեկացնում է ոստիկանությունը։

Ուժեղացված ծառայությանը ներգրավված են ոստիկանության գրեթե բոլոր ստորաբաժանումները։

Աշակերտների առօրյան ավելի անվտանգ դարձնելու, ինչպես նաև նրանց շրջանում ճանապարհային երթևեկության կանոնների վերաբերյալ իրազեկվածության մակարդակը բարձրացնելու նպատակով ոստիկանները սեպտեմբերի 6-ին հանրապետության դպրոցներում անցկացրին «Օրինապահ հետիոտն» թեմայով հանդիպում-զրույցներ։

Աշակերտների հետ ճանապարհային երթևեկության կանոնների և հակահասարակական արարքների վտանգների մասին զրույց-հանդիպումներ ունեցան տարածքային ստորաբաժանումների անչափահասների գործերով և ընտանիքում բռնության կանխարգելման բաժանմունքների, պարեկային ծառայության և ճանապարհային ոստիկանության ծառայողները։

Միջոցառման շրջանակում Երևանի թիվ 51 հիմնական դպրոցում աշակերտների հետ հանդիպմանը մասնակցում էին ՀՀ ոստիկանության անչափահասների հանցավորության և ընտանիքում բռնության կանխարգելման վարչության պետ, ոստիկանության գնդապետ Էդգար Պետրոսյանը, ոստիկանության հասարակական անվտանգության ապահովման գլխավոր վարչության աշխատակիցներ և պարեկային ծառայության ներկայացուցիչներ։

Զրույցի ընթացքում աշակերտներին տրամադրվեց տեղեկատվություն՝ ճանապարհային երթևեկության անվտանգության կանոնների վերաբերյալ:

Հանդիպումներն անցան ջերմ մթնոլորտում. աշակերտները ստացան իրենց հուզող բոլոր հարցերի պատասխանները։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր