211652_close_icon
views-count54975 դիտում article-date 11:19 06-09-2022

Ծեծկռտուք Սևանի նախկին դատարանի շենքում․ հնչել է կրակոց․ կան վիրավորներ․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ օրեր առաջ ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության (վարչության պետ Արթուր Մկրտչյանի, վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ Տիգրան Պետրոսյանի), ոստիկանության Սևանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի (բաժնի պետ Սուրիկ Ջանիկյանի, բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Արմենակ Մուրադյանի և քրեական հետախուզության բաժանմունքի պետ Կարեն Ավետիսյանի) գլխավորությամբ,  կատարելով հսկայածավալ օպերատիվ-հետախուզական աշխատանքներ, բացահայտել են սեպտեմբերի 2-ին Գեղարքունիքի մարզում տեղի ունեցած ծեծկռտուքի և  կրակոցի դեպքը։ 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ օրը ոստիկանության Կոտայքի բաժին ահազանգ է ստացվել «Աբովյան բժշկական կենտոնից, որ «դեմքի, պարանոցի շրջանի ծակած վերք» վնասվածքներով իրենց մոտ է տեղափոխվել 25-ամյա Ալբերտ Ս․-ն։ 

Կարճ ժամանակ անց ոստիկանության Նոր Նորքի բաժին ահազանգ է ստացվել Թիվ 1 համալսարանական հիվանդանոցից, որ «աջ նախաբազկի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել 27-ամյա Ռոբերտ Չարախչյանը։ Վերջիններս, ըստ բժշկի տեղեկանքի՝ ի վիճակի չեն եղել կատարվածի մասին բացատրություններ տալու։

Մինչ բժիշկները պայքարում էին վիրավորների կյանքի համար, ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչությունում և ոստիկանության Սևանի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ սեպտեմբերի 1-ին ժամը 22։00-ից 22։30-ն ընկած ժամանակահատվածում Սևան քաղաքի Խաղաղության փողոցում գտնվող նախկին Սևանի դատարանի շենքի 2-րդ հարում գտնվող սենյակներից մեկում ծեծկռտուք է տեղի ունեցել, որի ժամանակ հնչել է կրակոց։ 

Արդեն Գեղարքունիքի մարզի ոստիկանները վստահ լինելով, թե ովքեր են եղել ծեծկռտուքի մասնակիցները, ձեռնարկում են անհրաժեշտ միջոցառումներ նրանց հայտնաբերելու ուղղությամբ։ 

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ պարզվել է, որ մասնակիցները եղել են Երևանի բնակիչ 38-ամյա Ռաֆայել Ք․-ն, նրա ընկերներ՝ Արարատի մարզի բնակիչ 50-ամյա Աշոտ Խ․-ն, Տավուշի մարզի բնակիչ 24-ամյա Էդգար Գ․-ն, Կոտայքի մարզի բնակիչ 28-ամյա Հարություն Ս․-ն և Գեղարքունիքի մարզի բնակիչ 26-ամյա Գևորգ Մ․-ն։ Վերջիններս միասին գտնվելով Սևանի նախկին դատարանի շենքում, որը Գ․ Շամշյանի տեղեկություններով Ռաֆայել Ք․-ի կողմից անհատույց օգագործվում է, կենցաղային հարցերի շուրջ վիճաբանություն են ունենում, որն այնուհետև վերածվում է ծեծկռտուքի նշված անձանց և ոմն Գևորգի հետ։ 

Ծեծկռտուքի ժամանակ Գևորգ Մ․-ն հարևան սենյակից վերցնում է 16 տ/չ 1 փողանի որսորդական հրացանը, որպեսզի ծեծկռտուքը կանխի։ Սակայն այդ պահին քաշքշուկը շարունակվել է, ինչի հետևանքով 1 անգամ նշված հրացանից կրակոց է արձակվել, ինչից հետո ոմն Գևորգը իր ընկերների հետ միասին, Գևորգ Մ․-ի ձեռքից վերցնելով հրացանը, հեռանում են նշված վայրից։ 

Արդեն դեպքի վայրում ոստիկաններն ու Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության և նույն վարչության Սևանի քննչական բաժնի քննիչները՝ վարչության պետ Արման Բաղդասարյանի, Սևանի քննչական բաժնի պետ Թորգոմ Չանդոյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչներ Լ․ Նազարյանի ու Անդրանիկ Մխեյանի գլխավորությամբ, դեպքի վայրում հայտնաբերում են 1 հատ 16 տ/չ որսորդական հրացանի փամփուշի կրակված պարկուճ, 3 հատ կապարե իրանով կլորավուն տեսքով գնդակ, 2 հատ թաղիքե իրանով մրուրոտ կտոր և արնանման հետքեր։ 

Ոստիկանների և քննիչների ձեռնարկված միջոցառումների շնորհիվ այնուհետև տարված բացատրական աշխատանքների արդյունքում Ռաֆայել Ք-ն, Գևորգ Մ․-ն, Հարություն Ս․-ն և Աշոտ Խ․-ն ներկայացել են վարույթ իրականացնող մարմին։ 

Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ միջադեպի մյուս մասնակիցներին, ինչպես նաև հանցագործության գործիք հանդսիացող հրացանը հայտնաբերելու ուղղությամբ։ 

Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 10+
10+

Նմանատիպ նյութեր