211652_close_icon
views-count1632 դիտում article-date 15:32 23-08-2022

Փոփոխություններ՝ ուսման վարձավճարի փոխհատուցման նպատակով եկամտային հարկի գումարների վերադարձման կարգում

Կառավարության որոշմամբ փոփոխություն է կատարվել եկամտային հարկով ուսման վարձավճարի փոխհատուցման կարգում:

Ինչպես տեղեկանում ենք ԿԳՄՍՆ հասարակայնության հետ կապերի եւ  տեղեկատվության վարչությունից, սահմանվել է, որ դիմումներն ու համապատասխան փաստաթղթերը հաջորդ կուրս փոխադրվելուց կամ կրթական ծրագրով ուսումնառությունն ավարտելուց հետո ներկայացվում են բուհի ռեկտորին:

Ընդ որում`  սովորողը եկամտային հարկի գումարների վերադարձման նպատակով կարող է դիմել տարվա մեջ երկու անգամ` սեպտեմբերի 1-ից 15-ը կամ մարտի 1-ից 15-ը:

Սահմանված ժամկետներում դիմում չներկայացնելու դեպքում`  սովորողը կարող է դիմել հաջորդ կուրս փոխադրվելու կամ ուսումնական հաստատությունն ավարտելու տարվան հաջորդող երկու տարիների ընթացքում:

Ուսանողների տվյալները հավաքագրելուց հետո բուհերը դրանք սահմանված ձեւաչափով ներկայացնում են Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարություն` համապատասխանաբար մինչեւ տվյալ տարվա սեպտեմբերի 30-ը կամ մարտի 30-ը: Նախարարությունը վերոնշյալ փաստաթղթերի ուսումնասիրությունից հետո ուսման վարձի փոխհատուցման իրավունքի հաստատման դեպքում համապատասխան տեղեկատվությունը փաթեթով ներկայացնում է Պետական եկամուտների կոմիտե:

Եկամտային հարկի վերադարձի մասին դիմումը նախարարության կամ բուհի կողմից մերժվում է, եթե  բուհը հավատարմագրված չէ, մասնագիտությունը ներառված չէ ՀՀ կառավարության 2020 թվականի հունիսի 18-ի N 1035-Ն որոշմամբ հաստատված մասնագիտությունների ցանկերում,  դիմումը ներկայացվել է սահմանված ժամկետների խախտմամբ, ինչպես նաեւ այն դեպքում, երբ սովորողը ՀՀ քաղաքացի չէ կամ ունի ուսման վարձի պարտք:

 Փոփոխությունը կատարվել է՝ հաշվի առնելով ուսման վարձավճարի փոխհատուցման նպատակով եկամտային հարկի գումարների վերադարձման գործընթացում վերհանված խնդիրները եւ դրանց լուծման հրատապությունը: 

Ակնկալվում է, որ այս որոշմամբ կապահովվի եկամտային հարկի գումարների վերադարձման բնականոն, ավելի դյուրին ընթացակարգ:

Նմանատիպ նյութեր