211652_close_icon
views-count701 դիտում article-date 12:14 23-08-2022

ՊԵԿ պատվիրակությունը Մինսկում մասնակցել է ԱՊՀ հարկային հետաքննության մարմինների համակարգող խորհրդի նիստին. հաջորդ նիստը կանցկացվի Երևանում՝ 2023 թ-ին

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի պատվիրակությունը Մինսկում մասնակցել է ԱՊՀ հարկային հետաքննության մարմինների համակարգող խորհրդի հերթական նիստին։

ԱՊՀ անդամ պետությունների հարկային (ֆինանսական) հետաքննության մարմինների ղեկավարների համակարգող խորհրդի (ՀՀՄՀԽ) 21-րդ նիստը կայացել է Բելառուսի Հանրապետության պետական հսկողության կոմիտեի ֆինանսական հետաքննությունների դեպարտամենտի ղեկավարի նախագահությամբ։

Նիստին մասնակցել են Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ռուսաստանի, Տաջիկստանի, Ադրբեջանի և Ուզբեկստանի հարկային հետաքննության մարմինների ղեկավարները։ Քննարկվել են 2019-2023 թ․թ․ հանցավորության դեմ պայքարի համատեղ միջոցառումների ԱՊՀ միջպետական ծրագրի կատարման ընթացքը և ՀՀՄՀԽ ընթացիկ աշխատանքային ծրագրերը։ Կողմերը ներկայացրել են իրենց երկրների տնտեսական անվտանգության ապահովման ուղղությամբ իրականացրած գործունեությունը և կուտակած փորձը, այդ թվում՝ «Հարկային հանցագործությունների դեմ պայքարում ԱՊՀ մասնակից պետությունների համագործակցության մասին» համաձայնագրի իրագործումը, տնտեսական հանցագործությունների և իրավախախտումների նոր սխեմաների բացահայտման մասով փորձի փոխանակության ընթացքը։

ՀՀ ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության պետ Վահան Չարխիֆալակյանը նիստին ներկայացրել է վարչության կողմից 2021 թ․ իրականացված գործունեությունը։

Կողմերն անդրադարձել են բազմակողմ հետաքրքրություն առաջացնող հարցերին, մասնավորապես, 2020-2022 թ.թ․ ահաբեկչության և ծայրահեղականության այլ բռնի դրսևորումների դեմ պայքարում ԱՊՀ մասնակից պետությունների համագործակցության ծրագրի շրջանակում ձեռնարկված միջոցառումներին։ Քննարկել են նաև համացանցի և թվային վճարման միջոցների օգտագործմամբ իրականացվող տնտեսական և կոռուպցիոն հանցագործությունների հակազդման պրակտիկային, դրամական միջոցների ապօրինի շրջանառությանը և ապօրինի խաղային բիզնեսի հակազդմանը վերաբերող հարցեր։

ՀՀՄՀԽ նիստի շրջանակում ՀՀ պատվիրակությունը մասնակցել է նաև Բելառուսի ֆինանսական հետաքննության մարմնի հիմնադրման 30-ամյակին նվիրված տոնակատարություններին։ Պատվիրակության ղեկավար, ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության պետ Վահան Չարխիֆալակյանը պարգևատրվել է Բելառուսի ֆինանսական հետաքննության մարմինների 30-ամյակին նվիրված հոբելյանական մեդալով։

Նախատեսվում է, որ ԱՊՀ անդամ պետությունների հարկային հետաքննության մարմինների ղեկավարների համակարգող խորհրդի հաջորդ նիստը կանցկացվի 2023 թվականին Երևանում՝ ՀՀ ՊԵԿ նախագահությամբ։
 
ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին
 

Նմանատիպ նյութեր