211652_close_icon
views-count4016 դիտում article-date 23:40 22-08-2022

2022-ի օգոստոսին Հատիսի լանջից 7 հեկտար նոր հողակտորներ են օտարվել «Գագիկ Ծառուկյան» հիմնադրամին. hetq.am

զգային ժողովի նախկին պատգամավոր, ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին պատկանող բարեգործական հիմնադրամը Հատիս լեռան լանջին գտնվող հողակտորներ է ձեռք բերել։

«Հետք»-ը պարզել է, որ Կոտայքի մարզի Ակունք խոշորացված համայնքի Ակունք բնակավայրի վարչական տարածքում գտնվող 3 առանձին հողակտոր «Գագիկ Ծառուկյան» հիմնադրամին է օտարվել 2022 թ.-ի օգոստոսի 10-ին։

Ակունք համայնքի ղեկավար Հունան Ռուբենյանը, օգոստոսի 10-ին հիմք ընդունելով նույն տարվա հուլիսի 17-ին կայացած աճուրդների արդյունքները, որոշել է «Գագիկ Ծառուկյան» հիմնադրամին օտարել ընդհանուր 7 հեկտար գյուղատնտեսական նշանակության հողակտոր։ 3.5, 1 և 2.5 հեկտար հողակտորների դիմաց «Գագիկ Ծառուկյան» հիմնադրամը համայնքային բյուջե պետք է վճարի կամ արդեն վճարել է 2 միլիոն 766 հազար դրամ։

Նշված հողակտորները գտնվում են Հատիսի լանջին գտնվող Սուրբ Պետրոս եկեղեցուց հյուսիս-արևմուտք։

Ավելի վաղ «Հետք»-ը գրել էր, որ «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամը սեփականության իրավունքով ձեռք է բերել Հատիս լեռան վրա գտնվող 9 հողակտոր։ Հողակտորների կադաստրային կոորդինատները համադրելով արբանյակից արված լուսանկարների հետ՝ պարզ է դառնում, որ դրանք գտնվում են անմիջապես Հատիս լեռան գագաթին։ «Գագիկ Ծառուկյան» հիմնադրամի ձեռք բերած հողակտորները ներառում են նաև Հատիսի բերդ կոչվող հնագիտական վայրը։

Կոտայքի մարզի Ակունք համայնքի ղեկավար Հունան Ռուբենյանը հաստատել էր, որ օտարված հողակտորները գտնվում են Հատիս լեռան գագաթին։ Հունան Ռուբենյանի խոսքով, 100 հեկտար հողակտորը «Ծառուկյան» հիմնադրամին օտարվել է համայնքի կողմից, իսկ 46 հեկտարը 2008 թ.-ին էր օտարվել քաղաքացի Նորիկ Պետրոսյանին, որն էլ այն նվեր է տվել «Գագիկ Ծառուկյան» հիմնադրամին։

Գագիկ Ծառուկյանը ծրագրել է Հատիսի գագաթին Հիսուս Քրիստոսի մոնումենտալ արձանը տեղադրել։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախնական դրական կարծիք է հայտնել Գագիկ Ծառուկյանի գաղափարի վերաբերյալ, որին կողմ չէ Հայ Առաքելական եկեղեցին։


   

Նմանատիպ նյութեր