211652_close_icon
views-count966 դիտում article-date 14:24 22-08-2022

Պռոշյան-Դեմիրճյան փողոցների խաչմերուկում տեղի ունեցած զանգվածային անկարգությունների դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթով մեղադրյալներից ևս մեկի մասով նախաքննությունն ավարտվել է

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում  իրականացված քննչական և վարութային մեծածավալ գործողությունների արդյունքում պարզվել են քաղաքական ընդդիմության «Դիմադրություն» շարժման կողմից կազմակերպված հավաքի ընթացքում 2022թ. հունիսի 3-ին Երևան քաղաքի Պռոշյան-Դեմիրճյան փողոցների խաչմերուկում տեղի ունեցած զանգվածային անկարգությունների դեպքի մի շարք հանգամանքներ, անհատականացվել մասնակիցների գործողությունները. քրեական վարույթով մեղադրյալներից մեկի՝ քրեական վարույթի շրջանակներում հայտարարված հետախուզմամբ հայտնաբերված Գ.Սարգսյանի վերաբերյալ մասով նախաքննությունն ավարտվել է:

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել ենք, շարժման ղեկավարների կազմակերպմամբ և ուղղորդմամբ, Երևան քաղաքի Դեմիրճյան փողոցի ուղղությամբ դեպի ՀՀ Ազգային ժողով անցնելու համար, հավաքի մասնակիցները, Պռոշյան-Դեմիրճյան փողոցների խաչմերուկում, չենթարկվելով հասարակական կարգի պահպանությունն իրականացնող ոստիկանության աշխատակիցների օրինական պահանջներին, փորձել են ճեղքել ոստիկանական շղթան, քարերով, մետաղյա ձողերով, մուրճով, շշերով, ինչպես նաև այլ առարկաներով հարվածներ հասցրել իրենց ծառայողական պարտականություններն իրականացնող ոստիկաններին:

Նշված զանգվածային անկարգություններում ներգրավված քաղաքացի Գ. Սարգսյանը, հավաքված ամբոխի շարքերից նախ ձեռքերով հարվածել է պատնեշ կազմած ոստիկաններին, ապա բարձրադիր վայրից քար և շիշ է նետել նրանց ուղղությամբ:

Զանգվածային անկարգության մասնակիցների, այդ թվում՝ Գ.Սարգսյանի գործողությունների արդյունքում ոստիկանության մի շարք ծառայողներ ստացել են տարբեր ծանրության աստիճանի մարմնական վնասվածքներ:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Գ.Սարգսյանին մեղադրանք է ներկայացվել՝ 2003թ. ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 2-րդ մասով, (որը համապատասխանում է 2022թ.-ի հուլիսի 1-ից ուժի մեջ մտած ՀՀ քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի 1-ին մասին): Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:

Վերջինիս վերաբերյալ մասն անջատվել է առանձին վարույթում, նախաքննությունն ավարտվել է, և քրեական վարույթի նյութերն ուղարկվել են դատավարական ղեկավարում իրականացնող դատախազին՝ մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
 

Նմանատիպ նյութեր