211652_close_icon
views-count710 դիտում article-date 21:25 05-08-2022

ՀՀ ՄԻՊ-ի նախաձեռնությամբ շահագրգիռ կազմակերպություններն ու անհատ փորձագետները հրավիրվում են ներկայացնելու հետաքրքրվածության հայտեր հասարակական խորհրդի կազմում ընդգրկվելու համար

Հայաստանի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանի նախաձեռնությամբ շահագրգիռ կազմակերպություններն ու անհատ փորձագետները հրավիրվում են ներկայացնելու հետաքրքրվածության հայտեր «Պաշտպանին առընթեր հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության հարցերով» հասարակական խորհրդի կազմում ընդգրկվելու համար:

Հիշեցնենք, որ Մարդու իրավունքների պաշտպանն իրականացնում է «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» ՄԱԿ-ի կոնվենցիայի դրույթների կիրառության մշտադիտարկում, ինչպես նաև հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների խախտումների կանխարգելում և պաշտպանություն:

Այս նպատակով Պաշտպանի՝ 2020 թվականի հունիսի 17-ի որոշմամբ ձևավորվել էր Պաշտպանին առընթեր հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության հարցերով հասարակական առաջին խորհուրդը, որի գործունեության ժամկետի ավարտից հետո՝ 2021 թվականի օգոստոսի 9-ին Պաշտպանի որոշմամբ ձևավորվել է գործող հասարակական խորհուրդը՝ կրկին մեկ տարի ժամկետով։ Խորհուրդն իր գործունեությունը ծավալում Պաշտպանի որոշմամբ հաստատված անհատական կազմով, ժամկետով և կարգին համաձայն:

Խորհրդի նպատակն է, որպես խորհրդատվական մարմին, աջակցել հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության ոլորտում Պաշտպանի գործունեությանը: Խորհրդի խնդիրներն են.

•Աջակցել Պաշտպանին հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության ոլորտում գործունեություն իրականացնող քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ համագործակցության բարձրացմանը.

•Նպաստել հաշմանդամության ոլորտում մարդու իրավունքների վիճակի անընդհատ բարելավմանը, ներառյալ՝ հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության արդյունավետության բարձրացմանն ուղղված հետազոտությունների, ուսումնասիրությունների կամ վերլուծությունների իրականացումը, համակարգային խնդիրների վերհանումը և դրանց հիման վրա Պաշտպանին առաջարկներ ներկայացնելը: Խորհրդի կազմում ընդգրկվելու համար հայտեր կարող են ներկայացնել.

1. Ըստ կանոնադրության և/կամ գործունեության շրջանակի՝ բացառապես կամ հիմնականում հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության ոլորտում, մասնավորապես, հաշմանդամություն ունեցող անձանց ծառայությունների մատուցման և/կամ ուղղակիորեն հաշմանդամություն ունեցող անձանց վերաբերող քաղաքականության և կանոնակարգման խնդիրների ոլորտում 2 տարվա գործունեություն ունեցող հասարակական կազմակերպությունները և, կամ

2. Փորձագետները, ովքեր մասնակցել են հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության ոլորտին վերաբերող ծրագրերի, փորձագիտական աշխատանքների իրականացմանը և ունեն առնվազն 2 տարվա ոլորտային փորձառություն: Խորհրդին անդամագրվելու համար կարող եք դիմել Պաշտպանի աշխատակազմ՝ ներկայացնելով՝

1. Հասարակական կազմակերպության գրանցման վկայականը, իսկ որպես անկախ փորձագետի դիմելու դեպքում՝ ինքնակենսագրականը,

2. Հասարակական կազմակերպության գործունեության, իսկ որպես անկախ փորձագետի դիմելու դեպքում՝ փորձագիտական հմտությունների և ոլորտի հակիրճ նկարագիրը, 

3. Տեղեկություններ իրականացրած ծրագրերի, փորձագիտական աշխատանքներին և ոլորտում կատարած այլ աշխատանքների վերաբերյալ, 4. Հետաքրքրվածության նամակ հասարակական խորհրդում ընդգրկվելու վերաբերյալ: Այն կազմակերպությունները և անհատ փորձագետները, որոնք ընդգրկված են գործող Խորհրդի կազմում և ցանկանում են շարունակել իրենց գործունեությունը, կարող են վերոնշյալ փաստաթղթերի փոխարեն ներկայացնել իրենց մտադրության վերահաստատման մասին նամակ:

Փաստաթղթերը պետք է ներկայացվեն Պաշտպանի աշխատակազմի հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության բաժին՝ [email protected] կամ [email protected] էլ. հասցեով մինչև ս/թ օգոստոսի 15-ը: Լրացուցիչ հարցերի համար կարող եք դիմել (+374 10) 53-85-77 հեռախոսահամարով:

Նմանատիպ նյութեր