Մակրոնն Ալիևին կոչ է արել լիարժեք ծավալ հաղորդել Հայաստանի հետ բանակցություններին ու խուսափել լարվածությունից
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ուշադիր հետևում է Հարավային Կովկասում իրադրության զարգացումներին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին հայտնում է Ելիսեյան պալատը՝ տեղեկացնելով, որ Մակրոնը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ՝ կոչ անելով լիարժեք թափ հաղորդել Հայաստանի հետ բանակցություններին, խուսափել էսկալացիայից և պահպանել եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորությունները:
«Նա իր մտահոգությունն է հայտնել վերջին օրերի՝ մասնավորապես Լաչինի միջանցքի զարգացումների առնչությամբ: Նա կոչ է արել անել ամեն բան՝ խուսափելու էսկալացիայից և լիարժեք ծավալ հաղորդելու Հայաստանի հետ բանակցություններին: Նա ընդգծել է 2020 թվականի նոյեմբերի 9-ի հրադադարի մասին հայտարարությամբ ստանձնած պարտավորությունները հարգելու կարևորությունը:
Ֆրանսիան շարունակում է սերտ շփման մեջ լինել կողմերի ու իր գործընկերների հետ՝ շարունակելու աջակցել ու նպաստել ջանքերին՝ ուղղված Հայաստանի և Ադրբեջանի միջև երկխոսությանը՝ հանուն տարածաշրջանի կայունության»,- ասվում է հայտարարության մեջ:
Ելիսեյան պալատից հայտնել են նաև, որ Մակրոնը նախօրեին հեռախոսազրույց է ունեցել նաև Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: