211652_close_icon
views-count322 դիտում article-date 20:56 02-08-2022

Սահմանամերձ Խնձորեսկի երաժշտական դպրոցին նվիրաբերվել են նոր երաժշտական գործիքներ

Լոս Անջելեսում գտնվող Armenian Youth Education Aid հասարակական կազմակերպության կողմից Խնձորեսկի երաժշտական դպրոցին նվիրաբերվել են երաժշտական գործիքներ, հայտնում է Գորիսի համայնքապետարանը:

66 աշակերտ ունեցող սահմանամերձ բնակավայրի երաժշտական դպրոցի սաները տարիներ շարունակ նվագել են հնամաշ գործիքներով, և այժմ երաժշտական դպրոցը համալրվել է նոր գործիքներով, որոնք կխթանեն կատարողական վարպետության բարձրացումը, կապահովեն ստեղծագործությունների կատարման բարձր հնչեղություն։

Նվիրաբերության շնորհիվ երաժշտական դպրոցը ձեռք է բերել երկու հատ քանոն, երկու ջութակ, երկու շվի և մեկ դուդուկ։

Ըստ երաժշտական դպրոցի տնօրեն Անահիտ Մովսիսյանի՝ այժմ նրանք կկարողան համույթների մեջ ընդգրկել ավելի մեծ թվով աշակերտների, և երաժշտական համերգային ծրագրերն ավելի բարձր որակով կկազմակերպվեն։

Նախաձեռնությունը իրականցվել է Armenian Youth Education Aid-ի 13-21 տարեկան պատանիների, երիտասարդների շնորհիվ։ Շնորհակալական խոսքերով հանդես են եկել Գորիսի համայնքապետարանի հանրային կապերի, կրթության, սպորտի, երիտասարդության և սոցիալական հարցերի բաժնի պետ Արմինե Հովակիմյանը, կազմակերպիչներից Շուշաննա Հակոբյանը և Youth Education Aid-ի ղեկավար Մագգի Սիմոնյանը։

Նախաձեռնության հեղինակները նշել են, որ բարեգործական կրթական ծրագրերից այս նվիրաբերությունը միակը չի լինելու, և իրենք պատրաստ են աջակցել ու շարունակել համագործակցությունը Գորիսի համայնքապետարանի հետ։ Կազմակերպությունը մեկ տարի է՝ գործում է, և Հայաստանում երկրորդ բարեգործական ծրագիրն են իրականացնում։

Նմանատիպ նյութեր