211652_close_icon
views-count147737 դիտում article-date 18:26 16-07-2022

Ողբերգական ավտովթար-վրաերթ Կոտայքի մարզում. բախվել են 2 Mercedes-ներն ու Hyundai Sonata-ն. վերջինս էլ վրաերթի է ենթարկել 2 հետիոտնի. կա 1 զոհ, 2 վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հուլիսի 16-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար-վրաերթ է տեղի ունեցել Կոտայքի մարզում:
 
Ժամը 15:20-ի սահմաններում, Ջրվեժ-Աբովյան ավտոճանապարհի 3-րդ կմ հատվածում, բախվել են Mercedes E-220, Mercedes C-180 և Hyundai Sonata մակնիշի ավտոմեքենաները:
 
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Աբովյան» բժշկական կենտրոն:
 
Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին և 2-րդ դասակների ծառայողները՝ գումարտակի հրամանատար Արսեն Մարդոյանի, վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, 1-ին դասակի հրամանատար Տիգրան Քոթանջյանի և 2-րդ դասակի հրամանատար Սարգիս Բագրատյանի գլխավորությամբ:
 
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ըստ նախնական տեղեկությունների, Hyundai Sonata-ն դեպի Ջրվեժ ընթանալիս, նախ բախվել է Mercedes C-180-ին, ապա դուրս եկել հանդիպակած գոտի, բախվել Mercedes E-220-ին, ապա վրաերթի ենթարկել 2 հոգու և հայտնվել շինության քարե պարսպի մոտ:
 
Վրաերթի ենթարկվածներից մեկը տեղում մահացել է, երկուսը՝ տեղափոխվել են հիվանդանոց:
 
Վարորդներին և վիրավորներին առաջինը օգնության է հասել այդ պահին նշված վայրով անցնող՝ Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնի հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Գրիգոր Դալլաքյանը, ում ճիշտ և առաջին անհրաժեշտության բուժօգնություն ցուցաբերելու շնորհիվ հնարավոր է եղել փրկել վիրավորի կյանքը:
 
Օպերատիվորեն ժամանել են Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի թիվ 18 փրկարարական ջոկատի փրկարարները, ովքեր հոսանքազրկել են ավտոմեքենանրը, փակել գազաբալոններն ու սահմանազատել տարածքը:
 
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ իրավիճակն այնքան լարված էր, որ ոստիկանները չէին կարողանում հանդարտեցնել կրքերը, իսկ Hyundai Sonata-ի վարորդը դեպքի վայրից հեռացել է:
 
Դեպքի վայրում հավաքվածները նշում էին, որ մահացածը Բյուրեղավան գյուղի բնակիչ էր, ով մեծ հարգանք ու հեղինակություն էր վայելում ոչ միայն Կոտայքի մարզում, այլև՝ Հանրապետությունում, ով բազմաթիվ անգամներ օգնության ձեռք է մեկնել սոցիալապես անապահով ընտանիքներին, մեծ մասնակցություն է ունեցել Ապրիլյան քառօրյա և Արցախյան 44-օրյա պատերազմների ժամանակ՝ լինելով ոչ միայն առաջնագծում, այլ նաև միշտ օգնություն է ուղարկել առաջնագծում կանգնած զինվորներին:
 
Մահացածը և վիրավորները թաղման արարողությունից էին վերադառնում:
 
Օպերատիվորեն ժամանել են նաև ոստիկանության Կոտայքի բաժնի և ոստիկանության Գառնիի բաժանմունքի ծառայողները՝ բաժնի պետի և բաժանմունքի պետի գլխավորությամբ:
 
Դեպքի մասի ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Գառնիկ Մաթևոսյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Գրիգոր Դալլաքյանի գլխավորությամբ:
 
Դեպքի առթիվ քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:
 
Դեպքի վայր են ժամանել  նաև Կոտայքի մարզի դատախազներ Պետրոս Պետրոսյանն ու Արթուր Մելիքյանը:
 
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների, մահացածի և վիրավորների ինքնությունը:
 
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
 
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 166+
166+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր