211652_close_icon
views-count1466 դիտում article-date 15:03 14-07-2022

ՀՀ-ում ճանապարհային կշեռքների համակարգ է ներդրվում. Փաշինյանն առաջարկեց դրանք ներկառուցել ճանապարհներին

Կառավարությունն այսօրվա նիստում որոշեց 2022 թվականի բյուջեի պահուստային ֆոնդից ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը 11,8 մլրդ դրամ հատկացնել:

ՏԿԵ փոխնախարար Վաչե Տերտերյանը ներկայացնելով նախագիծը նշեց, որ այդ գումարը կուղղվի երկու միջպետական ավտոճանապարհների հիմնանորոգմանը (2,6 մլրդ դրամ), թվով 6 հանրապետական նշանակության ավտոճանապարհների հատվածական հիմնանորոգմանը (5,5 մլրդ դրամ), 4 մարզային նշանակության ավտոճանապարհների  հիմնանորոգմանը (3,7 մլրդ դրամ):

«Այս գումարի շրջանակներում նախատեսված աշխատանքների վերաբերյալ նախագծահաշվային  փաստաթղթերը պատրաստ են, մրցույթները հայտարարված են պայմանով եւ հիմա եթե կառավարությունը դրական որոշում կայացնի, մենք հնարավորություն կունենանք շինաշխատանքները փաստացի սկսելու»,-ասաց Տերտերյանը:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը թվարկեց, թե կոնկրետ որ ճանապարհների մասին է խոսքը, ապա հավելեց. «Մենք աշխատանքի որակի հետ կապված խնդիրները չենք լուծել: Որոշ դեպքերում լինում են լրացուցիչ գործոններ, բայց մեր ուշադրության կենտրոնում պետք է լինի աշխատանքի որակական հարցը: Բացի ճանապարհների որակից բացի մենք ունենք նաեւ սահմանված քաշից ավելի երթեւեկող երթեւեկության խնդիր: Մեր քաղաքական որոշումն այն է, որ պարտադիր պետք է ճանապարհային կշեռքների համակարգ ունենանք: Պրոբլեմը առավելապես վերաբերում է այն ճանապարհներին, որոնք սպասարկում են հանքարդյունաբերական ոլորտը: Հանքանյութ տեղափոխող բեռնատարները գերբեռնված են լինում»:

Վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավար Արթուր Ասոյանն էլ ասաց, թե հատուկ ուշադրության կենտրոնում է թեման. համապատասխան օրենսդրական փոփոխություններ են իրականացրել ու սկզբնական փուլում ունեին երկու շարժական կշեռքներ, որոնք տեղափոխելու տարբերակով վերահսկողություն էին իրականացնում խնդրահարույց հատվածներում:

«Հետագայում կշեռքների հետ կապված որոշակի խնդիրներ առաջացան, մենք ձեռք ենք բերել երկու ստատիկ կշեռք ու ևս մեկ  շարժական կշեռք: Շարժական կշեռքը գործածության մեջ է, Արմավիրի մարզում է,  բայց պարբերաբար փոխում ենք տեղը, քանի որ վարորդները, երբ իմանում են տեղը, անմիջապես այլընտրանքային լուծումներ են գտնում», - ասաց նա:

Ասոյանի խոսքով՝ ստատիկ կշեռքի համար նախատեսել են 9 հիմնական ուղղություն՝ Արարատի ու Վայոց ձորի ճանապարհահատվածներում են:

Ըստ տվյալների՝ գործարկումից հետո 522 մշտադիտարկում է իրականացվել, որի արդյունքում  14 միլիոն դրամի վարչական պատասխանատվության միջոցներ են կիրառել, իսկ 2022-ի ընթացքում 60 իրավախախտման դեպք են հայտնաբերել 13,6 միլիոն դրամի չափով:

Նիկոլ Փաշինյանն էլ ասաց, թե պետք է անեն լավագույնը, որը հնարավոր է. «Ասում են թանկ է, բայց ասացվածք կա՝ ասում է «ես այդքան հարուստ չեմ, որ էժան ապրանք առնեմ»: Մենք, անընդհատ էժան ապրանք առնելով, տպավորություն է, թե մեր ռեսուրսները անսահմանափակ են, անելիս միանգամից արեք լավը ու արագ»,- ասաց վարչապետը:

Նմանատիպ նյութեր