211652_close_icon

Գերսիրաշահման փորվածքը․ «Առավոտ»

views-count1526 դիտում article-date 10:25 12-07-2022
«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է․ «20-րդ դարի ռուս գրականության դասական Անդրեյ Պլատոնովի «Փորվածք» (Катлаван) վիպակում կան բազմաթիվ նորաբանություններ, որոնցից մեկն, իմ կարծիքով, առավել հիշարժան է՝ переугожденец: Այդ բառը պայմանականորեն կարելի է թարգմանել որպես «գերսիրաշահող», այսինքն՝ ստեղծագործության համատեքստում՝ մարդ, որն ասում է բաներ, որոնք հաճելի է լսել «վերեւներում»: Վիպակը լույս է տեսել 1930 թվականին, եւ, իհարկե, պարզ է, թե ինչի մասին է խոսքը:

Տոտալիտար եւ ավտորիտար համակարգերում նման գերսիրաշահող կերպարների առկայությունը պարտադիր է: Չհիշելով, թե ովքեր էին Հայաստանում այդպես դրսեւորվում անցած 30 տարիների ընթացքում, անդրադառնանք այն կերպարներին, որոնք աչքերիս առաջ են: Օրինակ՝ ներկայիս ՔՊ պատգամավորները բաժանվում են երկու տեսակի: Առաջին՝ նրանք, ովքեր նախկինների մասին խոսում են միայն այն դեպքերում, երբ նրանց հարցնում են, եւ երկրորդ՝ նրանք, ովքեր, անկախ թեմայից եւ առաջադրված հարցերից, իրենց բոլոր ելույթները կառուցում են 1988-2018 թվականների իրադարձությունների «վերլուծության» վրա: Ահա այդ վերջիններին կարելի է անվանել «գերսիրաշահող»: Այսինքն՝ նրանցից մեծ հաշվով չի պահանջվում ամեն րոպե գովերգել իրենց ղեկավարին՝ անցյալի հասցեին անեծքների միջոցով: Սակայն նրանք ձգտում են այդ նույն ղեկավարի համար նկատելի եւ օգտակար լինել՝ իրենց գերակտիվությամբ:

Նույն բաժանումը կա նաեւ այսպես կոչված «արտախորհրդարանական ուժերի» եւ ընդհանրապես՝ ներկայիս իշխանության աջակիցների մոտ:

«Գերսիրաշահող» տեսակը, ինչպես արդեն ասվեց, որոշակի սոցիալական կազմակերպման ծնունդ է: Այդ կազմակերպման ձեւն իր հերթին հիմնված է երկու տեսակի կառույցների վրա: Առաջին՝ աղանդ, որտեղ իշխանությունը պայմանավորված է առաջնորդի խարիզմայով, երկրորդ՝ զորանոց, որտեղ սխալ վարքի համար նախատեսվում են խիստ պատիժներ: Երբեմն այդ երկու տեսակները գործում են միաժամանակ, երբեմն էլ՝ առանձին: Բայց քաղաքացիական ոլորտում, իմ կարծիքով, երկուսն էլ մերժելի են: Անկախ նրանից՝ «գերսիրաշահումը» պայմանավորված է անկեղծ պաշտամունքով, թե պատժվելու վախով, երկու դեպքում էլ այն կաշկանդում է մարդուն, նրան դարձնում է սահմանափակ, չափից դուրս պարզունակ: Այն, ինչ դուրս է «աղանդից» կամ «զորանոցից», դիտվում է առնվազն որպես ճակատագրական մոլորություն:

Իրեն քրիստոնյա (կամ անգամ` քրիստոնյա հոգեւորական) համարող մարդը նույնպես կարող է հանդես գալ որպես աղանդավոր եւ զբաղվել գերսիրաշահմամբ: Այդ առումով Քրիստոսի արձանը որեւէ կապ չունի քրիստոնյա հավատքի կամ նույնիսկ զբոսաշրջության զարգացման հետ: Դա արձան է, որը դնում է Կոտայքի ֆեոդալը՝ ի նշան իր չափազանցված հավակնությունների: Դա, ի վերջո, նույն գերսիրաշահումն է՝ սեփական անձի հանդեպ:

Ճիշտ է, Պլատոնովը դրա համար մեկ այլ նորաբանություն է կիրառում՝ алилуйшик»։

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր