211652_close_icon
views-count17631 դիտում article-date 00:04 24-06-2022

«Ես Վարդազարյանին կուտ եմ տվել». Գագիկ Ջհանգիրյանի պարզաբանումը՝ աղմկահարույց ձայնագրության մասին

News.am-ը գրում է. Եթե ամբողջական ձայնագրությունը ԲԴԽ արդեն նախկին նախագահ Ռուբեն Վարդազարյանը ներկայացնի, ապա դա նրա համար լուրջ հետեւանքներ կարող է ունենալ։ Այս մասին այսօր՝ հունիսի 23-ին, Հանրային հեռուստաընկերության եթերում ասաց ԲԴԽ նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանը։

Հիշեցնենք, որ Վարդազարյանը հունիսի 20-ին լրագրողների հետ հանդիպմանն աղմկահարույց ձայնագրություն է հրապարակել իր, Գագիկ Ջհանգիրյանի եւ ԲԴԽ անդամ Ստեփան Միքայելյանի՝ նախորդ տարվա փետրվարի 20-ին տեղի ունեցած զրույցից։ Ըստ այդ ձայնագրության՝ Ջհանգիրյանը «համոզում է» Վարդազարյանին՝ հրաժարական ներկայացնել։ Ջհանգիրյանը հորդորում է, որ հրաժարական տալու դիմաց Վարդազարյանի նկատմամբ հարուցված քրեական գործերը կարճվելու են, եւ նա մնալու է ԲԴԽ-ում որպես խորհրդի անդամ։ Ձայնագրությունը Դատախազությունն ուղարկել է Քննչական կոմիտե՝ նյութեր նախապատրաստելու համար։

Ձայնագրության մեջ լսվում է նաեւ Ջհանգիրյանի կողմից արտահայտած հայհոյանքներ, որոնց առնչությամբ նա ներողություն խնդրեց. «Ես ուզում էի հայցել մեր մայրերի, քույրերի, կանանց, աղջիկների ներողամտությունը, որ հակառակ իմ կամքի, այլ լսարանում, փակ միջավայրում, տղամարդկանց շրջապատում որոշ անվայելուչ արտահայտությունների համար. իմ վրիպման արդյունքում հանրայնացվեցին, ես զղջում եմ։ Այդ արտահայտություններն իրենց, իրենց լսարանի համար չէին նախատեսված։ Դա տղամարդկային նեղ շրջանակում ընթացող քննարկման արդյունքում, մտերմիկ զրույցի տիրույթում արտաբերած բառեր էին»։

Հարցին՝ արդյո՞ք Վարդազարյանի հետ հանդիպումը տեւել է 15 րոպե, Ջհանգիրյանը պատասխանեց, որ հանդիպումը տեւել է մոտ 2 ժամից ավելի. «Ես վստահ եմ՝ առաջին իսկ վայրկյանից այդ ձայնագրությունը կա, ուղղակի այդ 14 րոպեն ծաղկաքաղ է արված։ Եթե դա սեղանի զրույց է, որտեղ նստած են երեք տղամարդ, եւ տեւում է 2.5 ժամ, բնականաբար միայն մեկը չի խոսում, խոսում են բոլորը։ Թե չէ այստեղ դուրս է գալիս, որ ես մոնոլոգ եմ ասում, եւ այդ տպավորիչ բառերն էլ իրար հետեւից ասում եմ»։

Ջհանգիրյանն ասաց, որ Վարդազարյանը հրաժարվել է այդ ձայնագրության ամբողջական տարբերակը տրամադրել ԲԴԽ անդամներին. «Երբ ես մտաբերում եմ այն թեմաները, որոնք այնտեղ քննարկվել են… այնտեղ բավականին հետաքրքիր թեմաներ կան, որոնք բացարձակ ձեռնտու չեն պարոն Վարդազարյանին՝ հանրայնացվելու տեսանկյունից։ Ես չեմ ուզում նախապես որեւէ մեղադրանք հնչեցնել, որովհետեւ կարծում եմ՝ այդ ծաղկաքաղ արված ձայնագրությունն ուղարկված է համապատասխան քննչական մարմնին՝ ուսումնասիրելու համար։ Կարծում եմ՝ հետագայում առիթ կլինի այդ հարցերին անդրադառնալու»։

Մանրամասներն՝ այստեղ

Նմանատիպ նյութեր