211652_close_icon
views-count747 դիտում article-date 09:25 23-06-2022

Ինչո՞ւ Գյումրու ՔԿԱԳ-ում 6 ամիս աշխատավարձ չեն ստացել․ «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. ««Փաստ» թերթի տեղեկություններով, ՀՀ արդարադատության նախարարության ՔԿԱԳ Գյումրի քաղաքի տարածքային կենտրոնի ողջ աշխատակազմը շուրջ 6 ամիս աշխատավարձ չի ստացել։ Այսինքն, ստացվում է՝ այս տարի մարդիկ ընդհանրապես չեն վճարվել:

Աշխատակիցները դիմել են արդարադատության նախարարություն՝ խնդրին լուծում տալու համար։ Մեր աղբյուրը փոխանցում է, որ նրանց հետ հանդիպման է եկել արդարադատության նախարարի օգնական Սերգեյ Սարուխանյանը, սակայն ոչ մի բովանդակային պարզաբանում չի տրվել։ Մեզ տեղեկացրեցին նաև, որ ՔԿԱԳ Գյումրու կենտրոնի աշխատակիցները նամակ են ուղարկել նախարարություն և կառավարություն։ Այսինքն, և՛ արդարադատության նախարարությունում, և՛ կառավարությունում տեղյակ են խնդրին, սակայն գոնե երեկվա դրությամբ հարցին լուծում տրված չէր: Պարզաբանում ստանալու համար «Փաստը» դիմեց արդարադատության նախարարություն, սակայն խնդրեցին հարցումը գրավոր ուղարկել:

Մեր դիտարկմանը, թե նյութը հրապարակվելու է հաջորդ օրը, ու ցանկալի կլիներ ստանալ նաև իրենց պարզաբանումը, առավել ևս, որ բարդ ուսումնասիրության խնդիր չկար, և մեզ ընդամենը հետաքրքրում է՝ ինչու մարդիկ աշխատավարձ չեն ստանում ու ե՞րբ հարցին լուծում կտրվի, ասացին, որ կաշխատեն հնարավորության դեպքում պատասխանել ոչ թե օրենքով նախատեսված հնգօրյա ժամկետում, այլ մինչև աշխատանքային օրվա վերջ: Մինչ օրվա ավարտ պատասխան չստացանք: Երբ ստանանք, անպայման նաև ԱՆ պարզաբանումը կներկայացնենք»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր