ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հայտարարությունը՝ Արթուր Վանեցյանի հրաժարականի դիմումի մասին
ՀՀ ԱԺ նախագահը հանդես է եկել հայտարարությամբ ՀՀ ԱԺ պատգամավոր Արթուր Վանեցյանի հրաժարականի դիմումի մասին.
«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 155-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Արթուր Վանեցյանը հունիսի 21-ին հրաժարականի դիմում է ներկայացրել:
«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` եթե հրաժարականի հրապարակումից հետո՝ մեկ շաբաթվա ընթացքում, պատգամավորը գրավոր դիմումով հետ է վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա Ազգային ժողովի նախագահն այդ մասին հանդես է գալիս հայտարարությամբ, եթե հետ չի վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա նրա լիազորությունների դադարման մասին կազմվում է արձանագրություն, որն ստորագրում եւ հրապարակում է Ազգային ժողովի նախագահը: Արձանագրության հրապարակման պահից հրաժարականը համարվում է ընդունված»։
Հիշեցնենք, որ Արթուր Վանեցյանը հայտարարել է մանդատը վայր դնելու և ՀՀԿ և «Հայրենիք» կուսակցությունների համագործակցության դադարեցման մասին։