211652_close_icon
views-count110745 դիտում article-date 09:47 21-06-2022

Ողբերգական ավտովթար՝ Երևանում. 29-ամյա վարորդը Opel-ով բախվել է երկաթե սյանը, տապալել էլեկտրասյունն ու հայտնվել մայթին, կա 1 զոհ, 1 վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հունիսի 21-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 03։40-ի սահմաններում Աշտարակի խճուղում՝ Մելքումովի 26/2 հասցեի դիմաց, Երևանի բնակիչ՝ 29-ամյա Հրանտ Ղալեչյանը իր վարած Opel մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել երկաթե սյանը, կոտրել այն, այնուհետև առաջ ընթացել ու բախվել մայթին գտնվող էլեկտրասյանը, տապալել այն և առաջ ընթանալով՝ հայտնվել մայթին։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Հ. Ղալեչյանը տեղում մահացել է, իսկ ուղևոր՝ Երևանի բնակիչ, 30-ամյա Վոլոդյա Մուրադյանը մարմնական վնասվածքներով ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն։

Օպերատիվորեն ժամանել են Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Երևանի թիվ 13 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ՝ խմբի պետ Արամայիս Մանուկյանի գլխավորությամբ։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 3-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Ալբերտ Հովհաննիսյանի և վաշտի հրամանատար Գեղամ Եփրեմյանի գլխավորությամբ։

Տեղում ուժեղացված ծառայություն են կատարել և տարածքը սահմանազատել են նույն վաշտի ավագ պարեկներ Սեյրան Ալեքսանյանն ու Հայկ Սուքիասյանը, որպեսզի հետաքրքրասեր վարորդները մեքենաները չկայանեն, և խցանում տեղի չունենա։

Վթարի մասին պարեկային ծառայության Երևանի գնդից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Գոռ Թադևոսյանի, բաժնի պետի տեղակալ Սամվել Սամվելյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Անդրանիկ Փարսադանյանի գլխավորությամբ։

Վթարի փաստով Ա. Փարսադանյանի որոշմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով։ 

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է պարեկային ծառայության Երևանի գնդի պահպանվող հատուկ տարածք։

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ վիրավորին առաջինը օգնության են հասել քաղաքացիներն ու պարեկները, և օպերատիվ են գործել բժիշկների հերթապահ խումբը, ովքեր վիրավորին, մինչև հիվանդանոց տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել։

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լուսանկարները և տեսանյութը՝  Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 186+
186+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր