211652_close_icon
views-count573 դիտում article-date 14:00 11-06-2022

Հայաստանն ու Գերմանիան շարունակում են զարգացնել հարաբերությունները. դեսպան

Հայաստանն ու Գերմանիան շարունակում են զարգացնել հարաբերությունները տարբեր ոլորտներում՝ գրանցելով հաջողություններ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝  այս մասին ասաց ՀՀ-ում Գերմանիայի դեսպան Վիկտոր Ռիխտերը՝ «Գերմանա-հայկական դիվանագիտական հարաբերությունների 30 տարի. մշակույթը որպես համագործակցության զարգացման խթան» խորագիրը կրող միջոցառման ժամանակ՝ առանձնացնելով մշակութային համագործակցությունը:

 Անդրադառնալով երկու երկրների բարձրաստիճան պաշտոնյաների փոխադարձ այցերին, մասնավորապես՝  ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Գերմանիայի նախկին կանցլեր Անգելա Մերկելի, դեսպանը նշեց, որ ապագայում նույնպես  շարունակելու են բարձրաստիճան քաղաքական երկխոսությունները:

«ԵՄ երկրներում համագործակցությունը սկսվում է գիտության, կրթության և մշակույթի ապակենտրոնացման ոլորտում, իսկ Հայաստանի և Գերմանիայի միջև գոյություն ունեն բարեկամական  30-ամյա հարաբերություններ: Ուզում եմ շեշտել, որ մշակույթի դերը նույնպես կարևոր է երկու երկրների հարաբերությունների զարգացման գործում: Մենք ունենք գերմանական մի շարք կազմակերպություններ, որոնք իրականացնում են մեր մշակութային առաքելությունները»,- ասաց նա:

«Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի «Քաղաքական երկխոսություն Հարավային Կովկաս» տարածաշրջանային ծրագրի ղեկավար Շտեֆան Մալերիուսը նշեց, որ այս միջոցառումը շարունակությունն է իրենց  հիմնադրամի և «Արամ Խաչատրյան-Մրցույթ» մշակութային հիմնադրամի համատեղ մի շարք ծրագրերի:

«Մշակույթի զարգացումը մեր հիմնադրամի առաքելության մի մասն է: Եվ անհնար է չնկատել,  թե ինչպես մշակույթի առաջատարները՝ գրողները, երաժիշտները կարող են զարգացնել երկրների միջև հարաբերությունները»,-ասաց նա:

«Արամ Խաչատրյան-Մրցույթ» մշակութային հիմնադրամի գործադիր տնօրեն Մարտին Թովմասյանն էլ, անդրադառնալով քաղաքականությանն ու  երաժշտությանը, նշեց, որ ճիշտ քաղաքականությունը կարող է ազդել երաժշտության և մշակույթի զարգացման վրա:

«Այսօր ուրախությամբ հայտնում եմ, որ հունիսի 6-ին Արամ Խաչատրյանի 119 ամյակի օրը՝ Երևանում մեկնարկեց Արամ Խաչատրյանի անվան միջազգային 18-րդ մրցույթը, որին մասնակցում են աշխարհի տարբեր երկրներից ներկայացուցիչներ: Եվ ես վստահ եմ, որ ինչպես անցած 17 տարիների ընթացքում, այս տարի ևս կունենանք նոր անուններ, որոնք կկապեն իրենց երկրները Արամ Խաչատրյանին, հայ դասական կատարողական արվեստին և Հայաստանը ավելի տեսանելի կդարձնեն դասական երաժշտության քարտեզի վրա»,-ասաց Մարտին Թովմասյանը:

Միջոցառումն անցկացվում է  «Արամ Խաչատրյան-Մրցույթ»-ի շրջանակներում:

Նմանատիպ նյութեր