211652_close_icon
views-count65724 դիտում article-date 17:47 09-06-2022

Արտակարգ դեպք Երևանում. թիվ 42 ավտոբուսի վարորդին նկատողություն անելու համար դանակահարել են. նա հիվանդանոց է տեղափոխվել դանակը մարմնի մեջ խրված. բժիշկները պայքարում են նրա կյանքի համար

Այսօր՝ հունիսի 9-ին, սպանության փորձ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 08:35-ի սահմաններում «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ»  բժշկական կենտրոնից  ոստիկանության Նոր Նորքի բաժին ահազանգ է ստացվել, որ «կրծքավանդակի ձախ կեսի առաջային անոթային գծի ուղղությամբ կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց է մեկնել ոստիկանության Նոր Նորքի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Իգոր Մեսրոպյանի գլխավորությամբ:

Բժիշկները հիվանդանոցում ոստիկաններին հայտնել են, որ վիրավորը ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու, քանի որ գտնվում է վիրահատարանում:

Մինչ բժիշկները պայքարում էին նրա կյանքի համար, ինչը նրանց հաջողվել է, ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողները պարզել են վիրավորի ինքնությունը, ով Երևանի բնակիչ, 65-ամյա Արթուր Մ.-ն է:

Հիվանդանոց է ժամանել նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների  քննչական բաժնի խումբը՝ ավագ քննիչ Դանիելյանի գլխավորությամբ:

Նոր Նորքի ոստիկանապետ Ի. Մեսրորպյանի որոշմամբ ստեղծվել է օպերատիվ խումբ և քրեական հետախուզության բաժնի ծառայողները,  համագործակցելով ոստիկանության Ավանի բաժանմունքի քրեական հետախուզության խմբի ծառայողների հետ, տաք հետքերով պարզել են որոշ հանգամանքներ, թե որտեղ և ինչ պայմաններում է տեղի ունեցել դեպքը:

Նոր Նորքի ոստիկանները Ավանի ոստիկանների հետ՝ Ավանի բաժանմունքի պետ Արտաշես Մուշեղյանի գլխավորությամբ, Շենգավիթ վարչական շրջանում հայտնաբերել են կասկածյալին ու բերման ենթարկել ոստիկանության Նոր Նորքի բաժին: Նա Երևանի բնակիչ, 55-ամյա Համլետ Հ.-ն է:

Վերջինս ոստիկանությունից ներկայացվել է քննչական բաժին, որտեղ էլ քննիչի որոշմամբ ձերբակալվել է: Հայտնաբերվել է նաև հանցագործության գործիք դանակը:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ փաստի առթիվ քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր օր-ի 34-104 հոդվածի 1-ին մասի (սպանության փորձ)  հատկանիշներով:

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ սպանության փորձի համար կասկածվողը առավոտյան նստել է թիվ 42 երթուղին սպասարկող ավտոբուսը և հասնելով Նոր Նորք վարչական շրջան, Արթուր Մ.-ն, ով ավտոբուսի վարորդն է, նրան զգուշացրել է, որ արգելվում է տրանսպորտի մեջ ծխել և հորդորել է, որպեսզի չծխի, սակայն նա շարունակել է ծխել, իսկ հետո իր մոտ եղած դանակով հարվածել է վարորդին:

Վերջինիս, երբ տեղափոխել են հիվանդանոց, դանակը եղել է մարմնի մեջ խրված:

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
 

Նմանատիպ նյութեր