211652_close_icon
views-count894 դիտում article-date 12:13 08-06-2022

ՀՀ ԱԳՆ-ում տեղի է ունեցել «Հայ-ֆրանսիական տնտեսական համագործակցության 2021-2026թթ. ճանապարհային քարտեզի» դրույթների իրականացմանն ուղղված հանդիպում

Հունիսի 7-ին ՀՀ ԱԳՆ-ում տեղի ունեցավ 2021թ. դեկտեմբերի 9-ին ստորագրված «Հայ-ֆրանսիական տնտեսական համագործակցության 2021-2026թթ. ճանապարհային քարտեզի» դրույթների իրականացմանն ուղղված հանդիպում։

Միջոցառմանը հայկական պատվիրակությունը գլխավորում էր ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը, ֆրանսիականը՝ ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Անն Լույոն։

Ողջունելով ֆրանսիական պատվիրակությանը՝ Պարույր Հովհանիսյանն ամփոփեց 2021թ. դեկտեմբերի 9-ին Փարիզում կայացած Հայ-ֆրանսիական տնտեսական համագործակցության աշխատանքային խմբի առաջին համատեղ նիստից ի վեր ճանապարհային քարտեզի դրույթների իրագործմանն ուղղված երկկողմ աշխատանքները։ Նախարարի տեղակալն անդրադարձավ նաև այն ուղղություններին, որտեղ արձանագրվել է առաջընթաց և ցանկություն հայտնեց առաջիկայում շոշափելի արդյունքներ արձանագրելու կապակցությամբ։

Ֆրանսիայի դեսպանը շնորհակալություն հայտնեց ջերմ հյուրընկալության և արդյունավետ հանդիպման կազմակերպմանն օժանդակելու համար, ինչը թույլ կտա ճանապարհային քարտեզի առաջնային ուղղությունների շուրջ հստակ քննարկումներ ունենալ։

Քննարկումների ընթացքում կողմերը մտքեր փոխանակեցին «Հայ-ֆրանսիական տնտեսական համագործակցության 2021-2026թթ. ճանապարհային քարտեզում» ներառված ոլորտային համագործակցության վերաբերյալ, մասնավորապես ենթակառուցվածքների, ջրամբարաշինության, նորարարության և բարձր տեխնոլոգիաների, առողջապահության ոլորտներում ծրագրերի իրականացման շուրջ։

Անդրադարձ կատարվեց հունիսի 29-30-ին Լիոնում կայանալիք հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցության համաժողովի հետ կապված հարցերին։ Կողմերն ընդգծեցին հայկական և ֆրանսիական տարածքային ինքնակառավարման մարմիններն իրենց ներդրումն ունենան տնտեսական հարաբերությունների ամրապնդմանը՝ ճանապարհային քարտեզին համահունչ։

Կողմերը պայմանավորվեցին «Հայ-ֆրանսիական տնտեսական համագործակցության 2021-2026թթ. ճանապարհային քարտեզի» դրույթների իրականացմանն ուղղված հաջորդ հանդիպումը կազմակերպել 2022թ. սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին։

Նմանատիպ նյութեր