211652_close_icon
views-count56741 դիտում article-date 21:12 01-06-2022

Արտաշատում 40–ամյա տղամարդը բարձրացել է մարզպետարանի տանիքին և սպառնում ցած նետվել. ժամանել են մարզի ոստիկանապետն ու «Բարի սարդ-մարդ» մականվամբ Արտաշատի ոստիկանապետը.

Այսօր՝ հունիսի 1-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 18:50-ի սահմաններում ոստիկանության Արտաշատի բաժին ահազանգ է ստացվել, որ մի քաղաքացի բարձրացել է Արտաշատ քաղաքի Օգոստոսի 23-ի փողոցի 60 հասցեում գտնվող Արարատի մարզպետարանի շենքի տանիք և սպառնում է ցած նետվելու միջոցով  ինքնասպան լինել:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ոստիկանության Արարատի մարզային վարչության պետ Սարիբեկ Ռուստամյանը, վարչության պետի տեղակալ Արմեն Նավասարդյանը և ոստիկանության Արտաշատի բաժնի պետ Արսեն Ոսկանյանը:

Դեպքի վայր է ժամանել նաև Արտաշատի դատախազ Հայկազ Նիկողոսյանը:

Ոստիկանները պարզել են, որ այդ քաղաքացին Արարատի մարզի բնակիչ, 40-ամյա Խաժակ Հ.-ն է: Արդեն տեղում մարզի ոստիկանապետն ու Արտաշատի ոստիկանապետը մոտ 30 րոպե բանակցություններ են վարում  Խաժակ Հ.-ի հետ, ինչի արդյունքում կարողանում են համոզել նրան, որպեսզի չդիմի նման քայլի և նրան ցած են իջեցնում տանիքից ու տեղափոխում ոստիկանության Արտաշատի բաժին:

Փաստի առթիվ ոստիկանության Արտաշատի բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքի տեսուչ Գրիգոր Թադևոսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Խաժակ Հ.-ն եղել է ոչ սթափ վիճակում և խմածության աստիճանը պարզելու համար սթափության փորձաքննություն է նշանակվել:

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:


 

Նմանատիպ նյութեր