211652_close_icon
views-count817 դիտում article-date 19:46 12-09-2026

Ավտովթար՝ Գեղարքունիքի մարզում. Չկալովկայում բախվել են «Mercedes»-ն ու «Nissan»-ը. կան վիրավորներ․ օպերատիվ են գործել Սևանի շտապօգնության բժիշկներն ու պարեկները․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ

Այսօր՝ սեպտեմբերի 12-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 16:50-ի սահմաններում Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 5-րդ կմ հատվածում՝ Չկալովկա բնակավայրի վարչական տարածքում, բախվել են Երևանի բնակիչ 22-ամյա Ռուբեն Մ.-ի վարած «Nissan» մակնիշի և Գեղարքունիքի մարզի բնակիչ 27-ամյա Տիգրան Ղ.-ի վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենաները։ 

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 4 հոգի, որոնց առաջինն օգնության են հասել քաղաքացիները վթարի հարևանությամբ գործող գազալցակայանի աշխատակիցները ու ըստ դեպքի վայրում հավաքված քաղաքացիների օպերատիվորեն ժամանած «Սևան» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերը, տեղափոխվել են «Սևան» բժշկական կենտրոն։

Բժիշկները վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել։

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Աղասի Խաչատրյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ, օրվա պատասխանատու Ներսիկ Գրիգորյանի գլխավորությամբ։

Տարածքը սահմանազատել են պարեկները։

Դեպքի վայր է ժամանել ոստիկանության Սևանի բաժնի պետ Վարդան Սահակյանը։

Վթարի մասին ոստիկանության Սևանի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Թորգոմ Չանդոյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Արամ Աբրահամյանի գլխավորությամբ։

Վթարի փաստով Սևանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են վիրավորների ինքնությունը։

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվել են ոստիկանության Սևանի բաժնի պահպանվող հատուկ տարածք։

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 30+
30+

Նմանատիպ նյութեր