211652_close_icon
views-count892 դիտում article-date 12:16 13-09-2026

Արտակարգ դեպք՝ Տավուշի մարզում․ Դիլիջանի թիվ 2 միջնակարգ դպրոցի 11-ամյա աշակերտը դասընկերների ներկայությամբ դասից փախչելու ժամանակ լուսամուտից դուրս ցատկելու հետևանքով ստացել է փայծախի պատռվածք և ներքին արյունահոսություն ու տեղափոխվել հիվանդանոց

Սեպտեմբերի 7-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 14։00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Դիլիջանի բաժնում «Դիլիջան» բժշկական կենտրոնից տեղեկություն է ստացվել, որ Դիլիջանի թիվ 2 միջնակարգ դպրոցում վայր ընկնելու հետևանքով «փայծախի պատռվածք, ներքին արյունահոսություն» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել մի անչափահաս տղա։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել ոստիկանության Դիլիջանի բաժնի օպերատիվ խումբը ովքեր պարզել են, որ ստացված տեղեկությունը հավաստի է, իսկ բուժօգնության տեղափոխվածը Տավուշի մարզի բնակիչ 11-ամյա տղա է։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ տեղում նշված դպրոցի տնօրեն, Տավուշի մարզի բնակիչ 46-ամյա Քրիստինե Ս․-ն հայտնել է, որ 6-Բ դասարանի աշակերտը վերոնշյալ մարմնական վնասվածքը ստացել է նույն օրը՝ ժամը 12։20-ից 12։30-ի սահմաններում, դասամիջոցին դասից փախչելու ժամանակ, իր դասընկերներ՝ Տավուշի մարզի բնակիչներ 10-ամյա, 11-ամյա, 10-ամյա, 11-ամյա, 10-ամյա և 11-ամյա աշակերտների ներկայությամբ, դպրոցի առաջին հարկի դասասենյակի լուսամուտից՝ մոտ 1,5 մ բարձրությունից, դուրս ցատկելու և բետոնե եզրաքարի վրա վայր ընկնելու հետևանքով։

Դեպքի փաստով ոստիկանության Դիլիջանի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Դիլիջանի քննչական բաժին, որտեղ ՀՀ քրեական օրենսգրքի 166-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Նմանատիպ նյութեր