211652_close_icon
views-count868 դիտում article-date 10:53 26-05-2022

Քաղաքական մշակույթից դուրս է մղվել երկխոսության, դիսկուրսի, քննարկումների պրակտիկան․ «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է․ «Փաշինյանի կառավարման 4 տարին, երևի թե, Հայաստանի պատմության մեջ կմնա որպես ամենասև ու ամենակործանարար ժամանակաշրջաններից մեկը։ Խոսքը վերաբերում է ոչ միայն խայտառակ պարտությանը, խայտառակ զիջումներին, պետությանն ու պետականությանը հասցված ծանր հարվածներին, հազարավոր զոհերին, այլև գրեթե բոլոր ոլորտներում արձանագրված ավերումներին, այդ թվում՝ մարդու իրավունքների և խոսքի ազատության բնագավառում:

Եթե 2018 թվականի գարնանը շատերին թվում էր, թե Հայաստանում ժողովրդավարությունը և ազատ խոսքի արտահայտման իրավունքի պաշտպանությունն արմատավորվելու են, ապա որոշ ժամանակ անց պարզվեց, որ այդպես մտածողները մեծապես սխալվել են, ու մեր երկրում իրականում հակառակն է տեղի ունենում։ Ճիշտ է՝ ամեն հարմար առիթի, հատկապես արտաքին գործընկերների հետ հարաբերվելիս, Փաշինյանը հայտարարում է, թե այսուհետ ժողովրդավարությունը Հայաստանի գլխավոր ուղենիշը կամ բրենդն է, սակայն այդ հայտարարությունները չեն արտացոլում իրականությունը։ Իրականում անցած 4 տարվա ընթացքում դեմոկրատիան հնարավորինս խեղվել է, իսկ ընդդիմությունն ու ընդհանրապես ընդդիմադիր հայացքներ ունեցողները՝ բիրտ ճնշումների ենթարկվել։

Փաշինյանի կառավարման ընթացքում մեր քաղաքական մշակույթից հիմնականում դուրս է մղվել քաղաքական երկխոսության, դիսկուրսի, քննարկումների և խնդիրների վեր հանման պրակտիկան։ Հնարավոր է՝ այս իրողությունը գալիս է նրանից, որ իշխանությունների մասնագիտական և մարդկային որակները բավարար չեն, որպեսզի խորամուխ լինեն խնդիրների բովանդակության մեջ, բանավիճեն: Մյուս կողմից՝ եթե հարցերը տեղափոխվեն բովանդակային դաշտ, ապա առավել ցցուն կդառնա, թե ինչպես են Փաշինյանն ու իր թիմակիցները ձախողել երկրի կառավարումը։

Կրկնենք՝ բոլոր ոլորտներում: Փոխարենը, այս իշխանությունները սիրով կիրառում են իրենց սիրելի «գործիքները»՝ ատելության, թշնամանքի սերմանում, «նախկինների» թեմայի ամենօրյա շահարկում, վիրավորանք, հայհոյանք բոլոր ընդդիմադիրների ու պարզապես ընդդիմացողների հասցեին: Բայց սրանք միայն «ծաղիկներն» են. Փաշինյանի առավել սիրելի զբաղմունքը իրավական գործիքակազմի կիրառումն է։ Արդյունքում, իրավապահ և անվտանգային համակարգը, պետության շահերը սպասարկելու և անվտանգային սպառնալիքների չեզոքացման ուղղությամբ գործողություններ ձեռնարկելու փոխարեն, զբաղված է անհեթեթ գործեր կարելով, ծիծաղելի խուզարկություններ իրականացնելով, ռեկորդային թվով բերման ենթարկելով, ձերբակալելով, կալանքը պատժամիջոց դարձնելով, էլ չենք խոսում այն մասին, որ հսկայական ժամանակ ու ռեսուրսներ են ներդնում, ասենք՝ սոցցանցերում մշտադիտարկում անելու և իրենց «թանին թթու ասողների» վրա գործ սարքելու պատրվակ գտնելու համար»։

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր