211652_close_icon
views-count6380 դիտում article-date 10:59 05-12-2017

Լացուկոծը պետք չէ ներմուծել քաղաքական դիսկուրսի մեջ. «Առավոտ»

«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է. «Եթե դուք նստում եք «սովորական» տաքսի, ապա գրեթե պարտադիր է, որ վարորդն արտասանի հետևյալ նախադասությունից որևէ մեկը՝ «հեսա էս երկրում ոչ մի հայ չի մնա, սաղ պարսիկ և չինացի կլինեն», «արա, էլի բռնին՝ ամեն ինչ թանկացրին», «գոնե հույս կա՞, որ լավ կլինի»: Եթե դուք «տոն տաք» այս խոսակցությանը և նույնպես սկսեք «վայ-վույ» անել, ապա վստահ եղեք՝ տաքսիստն ամբողջ երթուղու ընթացքում ձեզ կպատմի զանազան ֆանտաստիկ դրվագներ Հայաստանի նորագույն պատմությունից՝ սկսած նրանից, որ «Լևոնը սաղ զավոդները փակեց և ստանոկները լոմի գնով ծախեց Պարսկաստան»: Ես որևէ ձևով չեմ արձագանքում այդ տրտունջներին՝ որևէ իմաստ չեմ տեսնում բանավիճելու ընդհանրապես, առավել ևս զրույցի բռնվելու տեղեկացվածության և նախապաշարումների այդ աստիճանն ունեցող մարդկանց հետ: Քաղաքական, հասարակական գործիչներն այդ խոսակցություններին «տոն են տալիս», որովհետև այդ քաղաքացիներն իրենց ընտրողներն են, իրենց պոտենցիալ համակիրները, և նրանք խնդիր ունեն ոչ թե կրթելու կամ ճշմարտությունը բացատրելու, այլ հակառակը՝ փորձում են թեժացնել նախապաշարումների կրակը: Վերջերս Բրայան Թրեյսիի մոտ կարդացի՝ «ցանկացած քաղաքական դեմագոգիայի հիմքում դրված է նախանձը»: Իսկապես՝ եթե ես չեմ լցվում նախանձով, տեսնելով, ասենք, ներկա կամ նախկին վարչապետների դղյակները, ապա ինձ շատ դժվար կլինի քաղաքական մանիպուլյացիայի ենթարկել: Միանգամից հստակեցնեմ՝ խոսքը քաղքենիական տրտունջների և նվնվոցների մասին է, ոչ թե կազմակերպված քաղաքական և հասարակական բողոքի (իհարկե՝ եթե այդ բողոքը խաղաղ է, անզեն): Կարևոր չէ, թե ինչի համար են մարդիկ նման ակցիաներով պայքարում՝ թեկուզ «գիտության միջոցով» բանակից ազատվելու համար: Կամ թեկուզ իշխանափոխության համար: Բոլոր դեպքերում նման ակցիաները ողջունելի են, որովհետև ցույց են տալիս, որ մարդիկ, քաղաքացիներն անտարբեր չեն և փորձում են այնպես անել, որ իրենց ձայնը հասանելի լինի ողջ հասարակությանը: Իսկ առօրյա լացուկոծը կար կոմունիստների ժամանակ, կար ՀՀՇ-ի ժամանակ, կա այսօր և կլինի միշտ: Պարզապես պետք չէ այն ներմուծել քաղաքական դիսկուրսի մեջ»: [b]Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր