211652_close_icon
views-count733 դիտում article-date 19:56 24-05-2022

Հայաստանի ներկայացուցիչները տոն տվեցին համաշխարհային գիմնազիադայում

Ֆրանսիայի Նորմանդիա նահանգի  Դովիլ   քաղաքում   ավարտվեց  դպրոցական մարզիկների  համաշխարհային  19 –րդ  գիմնազիադան:   63  երկրների  3600  պատվիրակների մրցավեճին տոն տվեցին նաև Հայաստանի ներկայացուցիչները: 

Մեր մարզիկները  դժգոհելու տեղիք չտվեցին: Հատկապես գոհացրին հունահռոմեական ոճի ըմբիշները: Տիգրան Գալստյանը / 48 կգ /, Արմեն Գևորգյանը / 51 կգ /  և Գասպար Տերտերյանը / 60 կգ /  գետնեցին իրենց մրցակիցներին  ու նվաճեցին չեմպիոնի կոչումը:

Երկրորդ տեղով բավարարվեցին Արարատ Վարդերեսյանը / 71 կգ / և Գրիշա Ոսկանյանը / 92 կգ /: Նրանց թիմակից Վահե Հովհաննիսյանը / 65 կգ / կանգնեց պատվանդանի  <<  բրոնզե >>  աստիճանին:

Հայ չեմպիոնների շարքը համալրեց նաև ազատ ոճի ըմբիշ Նարեկ Գրիգորյանը / 80 կգ /:

Խաղարկված մեդալների արժանացան նաև բռնցքամարտիկները: Նրանք չորսն էին: Առավել հաջող հանդես եկան Շիրակի մարզի ներկայացուցիչներ  Յուրի Բաբլումյանը / 67 կգ /, որը  դարձավ փոխչեմպիոն և  Ոսկան Ոսկանյանը,որը  բավարարվեց   երրորդ մրցանակով:

Երրորդ տեղը գրավեց  նաև ձյուդոյի մրցաշարի մասնակից  Էլիզա Ադամյանը / 48 կգ /:

Թիմային պայքարում  մերոնք զբաղեցրին 16 –րդ հորիզոնականը:

Տեղի ունեցավ  նաև Եվրոպայի դպրոցականների մարզական ֆեդերացիաների համաժողովը: Քվեարկությամբ նախագահության անդամ ընտրվեց Հայաստանի  << Աշխատանքային  հերթափոխ >>  ԿՄԸ հանրապետական խորհրդի աշխատակից Արման Այվազյանը:

Նմանատիպ նյութեր