211652_close_icon
views-count1251 դիտում article-date 23:40 22-05-2022

Շառլ...քո հետ հեշտ էր ապրելը. Արայիկ Մանուկյան

Երբ դպրոցական էի, մի օր դպրոցի գրադարանից տուն բերեցի «Ազնավուրը Ազնավուրի մասին» կախարդող գիրքը, ու մի ամբողջ օր ու մի ամբողջ գիշեր անցկացրի այդ հրաշքի հետ, Ազնավուրի անիրական թվացող աշխարհում, Ազնավուրի հետ:

Այս մասին  իր ֆեյսբուքյան էջում գրել է լրագրող, հրապարակախոս Արայիկ Մանուկյանը:

«Ու հետո երկու օր շարունակ գրեթե ամբողջությամբ արտագրեցի գիրքը՝ հույս չունենալով, թե այն հնարավոր է ճարել և ունենալ։

Ո՞վ կարող էր իմանալ, որ մի քանի տարի անց կյանքն ինձ տանելու էր ֆրանսերեն ուսումնասիրելու, որ Ազնավուրի՝ «Ինձ տվեցին աչքեր և ասացին նայիր»-ը դառնալու է իմ առաջին թարգմանությունը, որը համարձակություն կունենամ ցույց տալու ֆրանսերենի իմ սքանչելի դասախոսներին։

Ո՞վ կարող էր իմանալ, որ կյանքն ու մասնագիտությունս ինձ հնարավորություն են տալու ծանոթանալ Ազնավուրի հետ, շրջել նրա հետ ավերակված Հայաստանում, մտերմանալ, հանդիպել Փարիզում ու հարցազրույց վերցնել, հետո բազում այլ հանդիպումներ ու զրույցներ ունենալ անչափելի այդ մարդու հետ։

Երբեք չեմ մոռանա։ Հերթական անգամ Փարիզում լինելու առիթն էր։ Ազնավուրն այդ օրերին անընդմեջ համերգներ էր տալիս «Կոնգրեսների պալատում»: Ամեն տեղ խոսում էին Ազնավուրից, ամեն տեղ Ազնավուրի լուսանկարներն էին: Օրեր շարունակ ավելի քան հինգ հազար տեղանոց դահլիճը լեփ-լեցուն էր: Օրեր շարունակ Փարիզը լսում էր Ազնավուրին, Փարիզն Ազնավուրով էր ապրում, Փարիզն Ազնավուր էր երգում:

Բացվում է շքեղ պալատի կարմիր վարագույրը, ամբողջովին կարմիր բեմում հայտնվում է սև ֆրակով կախարդը ու կրքոտ, կրակոտ, մինչև վերջին նյարդով երգում է Բոհեմի, Իզաբելի, նվիրվածության, դավաճանության, խարդավանքի, կյանքի, սիրո, մեծ սիրո մասին:

Ես, որ բախտ ունեի դահլիճում լինել, ուզում էի հասկանալ, ըմբռնել Ազնավուրին, ով իմ կարծիքով իմն էր, մերն էր, հայինն էր, Հայաստանինն էր: Ես անգիր գիտեի Ազնավուրին, տող առ տող գիտեի, բոլոր ռիթմերը գիտեի, զգացողությունները գիտեի, որովհետև դրանցով ապրել էի, բայց մի պահ սթափվեցի ու զգացի, որ դահլիճը երգում է: Հինգ հազար ֆրանսիացիներ երգում էին Ազնավուրի հետ: Երգում էին տող առ տող, երգում էին բոլոր երգերն անխտիր ու այդպես երգեցին ավելի քան երկու ժամ:

Համերգի ավարտին պիտի լինեի ետնաբեմում, նախապես պայմանավորվել էինք հանդիպել, բայց չհամարձակվեցի: Ազնավուրն այդ պահին Ֆրանսիայինն էր, Փարիզինն էր, ֆրանսիացունն էր ու ինձ թվաց, որ Ազնավուրը միշտ նրանցն է եղել:

Ես չհասկացա. ինձնի՞ց նեղացա, Ազնավուրի՞ց, հայի՞ց, Հայաստանցո՞ւց, թե՞ Ֆրանսիայից, Փարիզից, ֆրանսիացուց, բայց Ազնավուրն նրանցն էր, նրանց հոգու մեջ էր, նրանց ապրածի մեջ էր: Ազնավուրին նրա՛նք էին զգում:

Ազնավուրն այդպես էլ, մեծ հաշվով, Հայաստանում չերգեց: Կարմիր բեմում, կարմիր շլացուցիչ լույսերի տակ՝ սև ֆրակով, կրքոտ, կրակոտ, մինչև վերջին նյարդով երկու ժամ չերգեց…

Տարբեր առիթներով, երբ հանդիպել եմ մեծ շանսոնիեի հետ, շատ բաների շուրջ ենք խոսել, բայց չեմ համարձակվել այս հարցի պատասխանը փնտրել:

Իսկ գուցե գիտեմ…

Շառլի ծննդյան օրվա այս գրառումս ավարտեմ իմ ավագ ընկերոջ, նշանավոր բժիշկ ու մեծ հոգու տեր մարդ Աշոտ Եղոյանի՝ այս օրվա հրաշալի խոհով

«...Գնալուցդ հետո հասկացա Շառլ...դու աշխարհի ամենաբնական ու ամենաներդաշնակ մարդն էիր...երգեցիր ապրելուդ նման, ապրեցիր երգերիդ նման: Կռիվ չունեիր աշխարհի ու աստծո հետ...

Աստված սեր է՝ դա էր քո հավատամքը... աստծո մարդ, աշխարհի քաղաքացի... ու միաժամանակ այնքա՜ն ՀԱՅ...

Ֆրանսիան քեզ ճանապարհեց քո երգով... տարեք ինձ այնտեղ, որտեղ արևն է.
Դու մեզ գրեթե մեկ դար սովորեցնում էիր-մարդը ծնվում է սիրելու ու երջանիկ լինելու համար՝ անկախ գույնից ու դավանանքից: Դու նույնիսկ ներեցիր հայի ու քո ընտանիքի հանդեպ ոճիր գործած ազգին՝ մնալով պահանջատեր...

Շառլ...քո հետ հեշտ էր ապրելը...»:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր