211652_close_icon
views-count1363 դիտում article-date 09:13 10-05-2022

Մենք ականատես ենք Երկրորդ աշխարհամարտի պատմության բռնագրավմանը. «Ամերիկայի ձայն»

Մենք ականատես ենք Երկրորդ աշխարհամարտի պատմության բռնագրավմանը, երբ Պուտինը ձգտում է այն ներկայացնել որպես միայն Ռուսաստանի հաղթանակ առանց որևէ արևմտյան կամ ամերիկյան օգնության, առանց ուկրաինացիների, բելառուսների կամ այլ ազգերի մասնակցության, պնդում է վերլուծաբան Դեյվիդ Քրամերը մայիսի 9-ի քննարկմանը՝ նվիրված Երկրորդ աշխարհամարտի պատմությանն ու Մոսկվայի որդեգրած քաղաքականությանը: Ըստ նրա՝ զոհերի թվաքանակի տոկոսային հարաբերակցությունը վկայում է այն մասին, որ ավելի շատ ուկրաինացիներ կամ բելառուսներ են տուժել Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ, քան ռուսներ: Հաղորդում է «Ամերիկայի ձայնը»։

«Պուտինը փորձում է դա ներկայացնել որպես ռուսական հաղթանակ՝ միաժամանակ ռեաբիլիտացնելով Ստալինին։ Կարծում եմ, որ սրանում արտացոլված են նրա ջանքերը` ուղված այս առասպելի ու իր անձի պաշտամունքի ստեղծմանը: Դա նաև արտացոլված է նրա մոտեցման մեջ, ըստ որի՝ ԱՄՆ-ը գործնականում որևէ դերակատարություն չի ունեցել, և որ Ռուսաստանը ինքնուրույն է հասել հաղթանակի»,- ասում է Քրամերը:

Անդրադառնալով Պուտինի ելույթին Հաղթանակի օրվա կապակցությամբ՝ Քրամերն ընդգծում է, որ ելույթը ոգեշնչող չէր, չէր պարունակում ուկրաինական ռազմաճակատում որևէ հաղթանակի մասին հիշատակում: Այն, ըստ վերլուծաբանի, ավելի շատ պարտվողական էր՝ արտացոլելով Մոսկվայի անհաջողությունները Ուկրաինայում:

«Այն արտացոլում է, հավանաբար, Պուտինի ուշացած ընկալումը, որ այս հատուկ գործողությունը, որը Ռուսաստանում արգելված է կոչել պատերազմ, լավ չի ընթանում: Կարծում եմ, որ Պուտինն այժմ անխուսափելիորեն գիտակցում է դա»,- նշում է Քրամերը:

Ամերիկյան The Daily Beast առցանց պարբերականի սյունակագիր Ջուլիա Դևիսի կարծիքով էլ այս տարվա մայիսի 9-ի զորահանդեսի Պուտինի ելույթը միտված էր արդարացնելու ներխուժումը Ուկրաինա՝ այն կրկին կապելով այսպես կոչված նացիզմի դեմ պայքարի կեղծ մոտեցման հետ: Ըստ նրա՝ այսօր Ռուսաստանում փորձ է արվում խեղաթյուրել պատմությունն ու «նացիզմ» եզրը՝ այն հարմարեցնելով Պուտինի քաղաքական օրակարգին: Դևիսը շեշտում է՝ այդ իմաստով նրանք պնդում են, որ ցանկացած ոք, ով դեմ է ռուսական ագրեսիային, ներառյալ ուկրաինացիները, և բոլոր նրանք, ովքեր օգնում են Ուկրաինային պաշտպանվել ռուսական ագրեսիայից, որակվում են որպես նացիստներ:

«Այսպիսով Պուտինը փորձում է գողանալ ոչ միայն սեփական ժողովրդի և ուկրաինացիների ապագան, այլ նաև նրանց անցյալը` ձգտելով վերաշարադրել այն, խեղաթյուրել այնպիսի տերմիններ, ինչպիսիք են «նացիզմը» կամ «ցեղասպանությունը»,- պնդում է ամերիկացի սյունակագիրը:

Նա նշում է, որ այսօր Ռուսաստանում փորձ է արվում Խորհրդային Միության կամ Ռուսաստանի վրայից հանել պատասխանատվությունը որևէ հակամարտության համար, ներառյալ ԽՍՀՄ-ի սանձազերծած 1939 թ.-ի պատերազմը Ֆինլանդիայի դեմ:

Միջոցառման բանախոս, Ֆինլանդիայի եվրոպական հարցերով նախարար Թութի Թուփերայնենը, իր հերթին անդրադարձավ Ֆինլանդիայի դեմ ԽՍՀՄ-ի հրահրած պատերազմին՝ շեշտելով՝ մենք զգում ենք այսօր ուկրաինացիների ցավը, քանի որ այս պատերազմն ունի շատ նմանություններ Ֆինլանդիայի դեմ պատերազմի հետ, երբ Ռուսաստանից շատ ավելի փոքր երկիր խիզախորեն պայքարում է մեծ զավթիչի դեմ:

«Ուկրաինայի վարած պատերազմը ևս կապ ունի գաղափարախոսության և արժեքների հետ, այլ ոչ միայն տարածքների: Հետևաբար մենք կանգնած ենք Ուկրաինայի կողքին, քանի որ նրանք արժանի են ունենալ ժողովրդավարություն, ինքնիշխանություն և ազատություն»,- հայտարարել է Ֆինլանդիայի նախարարը:

Իր հերթին միջոցառման մեկ այլ բանախոս, The New Yorker պարբերական լրագրող Սուզան Գալսերի կարծիքով՝ Պուտինի որդեգրած մոտեցումներն այսօր պատերազմի հարցում հույս չեն ներշնչում, որ ուկրաինական հակամարտությունը կարող է կարգավորվել բանակցությունների միջոցով: Նրա կարծիքով այսօր Վաշինգտոնում չկա հստակ պատկերացում, թե իրականում ինչ է կատարվում Վլադիմիր Պուտինի հետ:

Նմանատիպ նյութեր