Վերականգնումից հետո Դիլիջանում վերաբացվել է Հայրենական մեծ պատերազմում զոհվածների հիշատակը հավերժացնող հուշահամալիրը
Հաղթանակի ու խաղաղության տոնի և Հայրենական մեծ պատերազմումտարած հաղթանակի 77-րդ ամյակի առթիվ Դիլիջանում տեղի է ունեցել Հայրենական մեծ պատերազմում զոհվածների հիշատակը հավերժացնող հուշահամալիրի վերաբացման արարողությունը: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին IDeA հիմնադրամից։ Հուշահամալիրի տարածքում տեղադրված է նաև Արցախյան պատերազմի զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձան-աղբյուրը:
Հուշահամալիրի վերականգնման և շրջակայքի բարեկարգման աշխատանքներն իրականացվել են «Զբոսաշրջության և քաղաքաշինության» (TUF) բարեգործական հիմնադրամի կողմից՝ անհատ բարերարների, կազմակերպությունների աջակցությամբ և Դիլիջանի համայնքապետարանի ու բնակիչների համատեղ ջանքերով։ Աշխատանքներին աջակցել է նաև Հայաստանում Ռուսաստանի Դաշնության առևտրային ներկայացուցչությունը:
Աշխատանքները մեկնարկել են երկու ամիս առաջ, որի ընթացքում ամբողջությամբ վերականգնվել են համալիրի հուշարձանները, իրականացվել են հարակից տարածքների աղբահանության, կանաչապատման և լուսավորության աշխատանքներ։
Հուշահամալիրի վերաբացման արարողությանը ներկա էինտեղական իշխանությունների և համայնքային կազմակերպություններիներկայացուցիչներ, Դիլիջան համայնքի բնակիչներ։
««Զբոսաշրջության և քաղաքաշինության» (TUF) բարեգործական հիմնադրամը և նրա հիմնադիր Ռուբեն Վարդանյանը նախաձեռնեցին հուշահամալիրի վերականգնումը, որպեսզի դիլիջանցիները և քաղաքի հյուրերը կարողանան այս օրը մեր հերոսների հիշատակին իրենց հարգանքի տուրքը մատուցել բարեկարգված հուշահամալիրում: Մենք կարծում ենք, որ հերոսների հիշատակի նկատմամբ մեր հարգանքը դրսևորվում է նաև նրանց նվիրված հուշարձանների նկատմամբ մեր վերաբերմունքով ու հոգածությամբ։ Ժամանակին այս համալիրն ու հարակից տարածքը դիլիջանցիների սիրված վայրերից են եղել, և հուսով ենք, բարեկարգումից հետո այն կշարունակի այդպիսին մնալնրանց համար»,- ասել է TUF հիմնադրամի տնօրեն Մարիետա Մաթևոսյանը:
«Դիլիջանցիների համար շատ կարևոր է հուշարձանների պահպանումը.այստեղ մենք ունենք և՛Հայոց ցեղասպանության,և՛ Հայրենական պատերազմի,և՛ Արցախյան պատերազմների զոհերի հիշատակին նվիրված հուշարձաններ։ Ողջունելի էTUF հիմնադրամի և անհատ բարերարների կողմից ցուցաբերած աջակցությունն ու նախաձեռնողականությունը հուշարձանների պահպանման և վերականգման գործում։ Դիլիջանի համայնքապետարանը միշտ պատրաստակամ է համագործակցության համար»,-նշել է Դիլիջան համայնքի ղեկավար Դավիթ Սարգսյանը։
Արարողությունից հետո մասնակիցները ծաղիկներ են խոնարհել անմար կրակի մոտ՝ հարգանքի տուրք մատուցելով Հայրենական մեծ և Արցախյան պատերազմներում զոհվածների հիշատակին։ Միջոցառման ավարտին հյուրերը նաև ծառեր են տնկել հուշարձանի հարակից՝ նորաստեղծ«Հաղթողների ծառուղում»։