211652_close_icon
views-count2519 դիտում article-date 10:37 28-04-2022

Այստեղ խնդիրը նույնիսկ իրավական չէ․ խոսքն ուղղակի պարզ մարդկային զգացողությունների մասին է․ «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է․ «Եթե մարդը պատահաբար մահվան ելքով վրաերթի ենթարկի հետիոտնին, նա երևի թե ամբողջ կյանքում գիշերը չկարողանա գլուխը հանգիստ դնել բարձին, նրան կտանջեն մեղքի զգացողությունն ու մղձավանջները, թեկուզ և ստացած լինի իր պատիժը: Ես գիտեմ ծանր պատմություն մեկի մասին, որը նույնիսկ ազատազրկման տեսքով պատիժը կրելուց հետո հեռացավ երկրից՝ չկարողանալով թեկուզ պատահաբար հանդիպել իր կողմից անզգուշաբար վրաերթի ենթարկվածի ընտանիքի անդամներին, նայել նրանց աչքերի մեջ: Վստահ եմ՝ նման դեպքերը քիչ չեն:

Ավելին, երևի թե տարրական դատիարակություն ունեցող ցանկացած մեկն էլ ունեցել է այնպիսի զգացողություն, երբ ինչ-որ վատ կամ սխալ բան ես արել, հետագայում դեռ երկար ժամանակ, ամեն անգամ դա հիշելով, ամոթի ալիքը նորից ու նորից պարուրում է քեզ: Ու հիմա հաճախ եմ մտորում՝ ինչպե՞ս է կարողանում մարդը հանգիստ ապրել, շարունակել պաշտոնավարել այն դեպքում, երբ դարձել է պատերազմի ու հազարավոր զոհերի պատճառ, երբ պատուհանիդ տակ հավաքվել են հազարավոր զոհերի ծնողներն ու հայտարարում են, որ իրենց զավակներին դու ես սպանել: Արդարանա՞լ, համոզել, որ դու մեղավոր չե՞ս...

Հնարավոր չէ, և հետո՝ ինքդ ես խոստովանել, որ կարող էինք խուսափել պատերազմից, բայց կունենայինք նույնը, պարզապես... առանց զոհերի: Այստեղ խնդիրը նույնիսկ իրավական չէ, դրա պատասխանը պետք է տան համապատասխան մարմինները, գուցե ոչ հիմա, գուցե ոչ շուտ, բայց մի օր կտան: Դա չէ իմ այս մտորումների թեման: Խոսքն ուղղակի պարզ մարդկային զգացողությունների մասին է:

Ի վերջո, որքան էլ բոլոր առումներով վատը լինես, փորձանք լինես, որքան էլ մտադրություններդ ու քայլերդ կործանարար լինեն, միևնույնն է, չի կարող մարդ արարածը թեկուզ սեփական «ես»-ի հետ միայնակ մնալիս չունենա ծանր զգացողություններ, չունենա ապրումներ: Եթե չունեցավ, ուրեմն լուրջ եզրակացությունների առիթ է արդեն:

Եվ վերջապես, անկեղծ կուզեի ստանալ ևս մեկ հարցի պատասխան՝ ինչպե՞ս է այդ անձնավորությունն ապրում այսքան մեծ ատելության, այսքան անեծքի ու «որակումների» տակ, ընդ որում, այդ ամենը՝ բումերանգի էֆեկտով: Ի վերջո, բոլորին չես կարող դատել «Ծանր վիրավորանք» հոդվածով, հատկապես, որ, բարեբախտաբար, դեռևս իրենց տներում մարդիկ կարողանում են անկեղծ լինել»: 

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

 

Նմանատիպ նյութեր