211652_close_icon

Ատելությունն ու բռնությունը երբեք չպետք է անտարբերության մատնվեն. Կանադայի վարչապետի ուղերձը

views-count972 դիտում article-date 16:12 25-04-2022

Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն Հայոց ցեղասպանության 107-րդ տարելիցի առնչությամբ հայտարարությամբ է հանդես եկել։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հայտարարության մեջ ասվում է.

«Միանում ենք Կանադայի և ողջ աշխարհի հայերին՝ ոգեկոչելու մարդկության պատմության ամենամութ գլուխներից մեկի՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը։ Մենք նաև պատվում ենք նրանց ժառանգներին, այդ թվում և հայկական ծագում ունեցող կանադացիներին, ովքեր նպաստել են և շարունակում են օգնել ձևավորելու այն ուժեղ, բազմազան և ներառական երկիրը, որը վայելում ենք այսօր։

1915-1923 թվականներին իրականացված կոտորածներն ու դրա հետևանքով սարսափելի մեծ թվով կորսված կյանքերը երբեք չպետք է մոռացության մատնվեն։ 2015 թվականին, այս ողբերգությունից մեկ դար անց, խորհրդարանն ընդունեց բանաձև, որով ապրիլի 24-ը ճանաչվում էր Հայոց ցեղասպանության հիշատակի օր։ Օր, որը այդ պահից ի վեր ծառայեց՝ հիշելու այս կոտորածների պատճառած կորուստը, տրավման ու ցավը և վստահեցնելու, որ դրանք այլևս երբեք չեն կրկնվի։ Այս օրը համընկավ Ցեղասպանության հիշատակի, դատապարտման ու կանխարգելման ամսվա հետ։

Ատելությունն ու բռնությունը երբեք չպետք է անտարբերության մատնվեն։ Մեզնից յուրաքանչյուրը իր դերակատարումն ունի՝ վստահեցնելու, որ նման բռնությունն այլևս երբեք չի կրկնվի, և դա սկսվում է դիրքորոշում հայտնելուց՝ ընդդեմ խտրականության ու ատելության իրենց բոլոր դրսևորումներով՝ անկախ նրանից, թե դա երբ ու որտեղ տեղի կունենա։

Այս ցավալի տարելիցին մենք միասին հիշում ենք կորսված կյանքները, ճանաչում հայ ժողովրդի ուժն ու ոգին ու հույսով ակնկալում, որ կլինի խաղաղության, փոխադարձ հարգանքի ու ողջ աշխարհի ժողովուրդների և երկրների միջև արժանապատվության ապագա»։

Կանադայում ՀՀ դեսպանության ֆեյսբուքյան էջը հայտնում է, որ դեսպանության առջև՝ «Անմահ Հայաստան» հուշարձանի մոտ, տեղի է ունեցել Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված ոգեկոչման արարողություն։

Նմանատիպ նյութեր