211652_close_icon
views-count40738 դիտում article-date 14:03 23-04-2022

Նորք-Մարաշի թաղապետի կարգադրությամբ, կոմունալի պետի գլխավորությամբ՝ «Օլիմպ շինի»-ի աշխատակիցները հատուկ տեխնիկայով փորձում են փողոցը փրկել կեղտաջրերից ու գարշահոտությունից․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Այսօր, ապրիլի 23-ին, Երևանի Նորք Մարաշ վարչական շրջանի ղեկավար Միքայել Օհանյանի կարգադրությամբ, վարչական շրջանի կոմունալ բաժնի պետ Գևորգ Գրիգորյանի գլխավորությամբ՝ վերջապես, կարծես թե՝ սայլը տեղից շարժվում է։

Առավոտվանից «Օլիմպ շին» ընկերության աշխատակիցները հատուկ տեխնիկաներով սկսել  են Նորք-Մարաշի Գ․ Հովսեփյան փողոց 91 հասցեի մոտ դեռ սովետական տարիներից տեղադրված դիտահորի կապիտալ վերանորոգման, անհրաժեշտության դեպքում՝ նորով փոխարինելու աշխատանքներ։ 

«Օլիպմ շինի» աշխատակցիները ենթադրյալ վտանգավոր հատվածի դիտահորը գտել են, որը խցանված էր հող ու քարով, ինչն էլ ըստ նախնական տեղեկությունների՝ պատճառ էր դառնում, որ հարևանությամբ գտնվող դիտահորերից դուրս եկած կեղտաջրերը ողողում էին մի քանի փողոցներ։

Հիմա թաղապետարանի և «Օլիմպ շին»-ի աշխատակիցները կատարում են հետախուզական աշխատանքներ պարզելու համար՝ արդյո՞ք մյուս դիտահորերում էլ նույն վիճակն է, որից հետո կսկսվեն կապիտալ վերանորոգման աշխատանքներ։  Նրանք վստահ են, որ այս անգամ խնդիրը վերջնականապես կլուծվի ու այլևս նշված փողոցում կեղտաջրերը չեն ողողի և գարաշահոտություն չի տիրի։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Երևան քաղաքի Նորք-Մարաշ վարչական շրջանում կարծես այլմոլորակայիններ լինեն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի որոշ պաշտոնյաներ:

Ամիսներ շարունակ Գ. Հովսեփյան փողոցի 91 հասցեի մոտ տեղադրված մի քանի դիտահորերից կեղտաջրերը ողողում են մի ամբողջ փողոց, իսկ  վարչական շրջանի նորանշանակ ղեկավար Միքայել Օհանյանն ու վարչական շրջանի կոմունալ բաժնի պետ Գևորգ Գրիգորյանը ասես  «ուղտի ականջում քնած լինեն»:

Եթե վարչական շրջանի  նախկին ղեկավար Էդմոնդ Ղազարյանը օպերատիվորեն արձագանքում էր քաղաքացիների ահազանգին, անգամ թաղապետարանի միջոցներով հատուկ տեխնիկայով  հեռացնում էին դիտահորերում  կուտակված ողջ կեղտը ու այդ աշխատանքներում Հունան Ավետիսյանի նման դոշ էր տալիս կոմունալ բաժնի պետ Գ. Գրիգորյանը, ապա նոր թաղապետ Մ.Օհանյանի նշանակվելուց հետո ո՛չ թաղապետը, ո՛չ էլ նա չեն բարեհաճում գոնե մեկ անգամ գան նշված վայր և ստիպեն «Վեոլիա Ջրին», քանի որ, ըստ թաղապետարանի պաշտոնյաների՝ պատասխանատուն «Վեոլիա Ջուր»-ն է, խնդիրը վերջնականապես լուծեն, իսկ կոմունալի պետ Գ. Գրիգորյանը անգամ չի բարեհաճում արդեն պատասխանել բնակիչների հեռախոսազանգերին:

Երևի նրա մոտ արդեն այն բնազդն է, որ այդ կեղտաջրերի համար են իրեն զանգահարում:

Այսօր՝ ապրիլի 21-ին, նույն  հակասանիտարական ահավոր վիճակն  էր տիրում նշված փողոցում, սակայն թե՛ նորընտիր թաղապետը, թե՛ կոմունալի բաժնի պետը չէին պատասխանում բնակիչների ու մեր հեռախոսազանգերին:

Բնակիչների միակ հույսը մնում է քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը, թեպետ ասում էին՝ էս նոր թաղապետն էլ նրա կադրն է, ով ասես պարապուրդի է մատնված ու չի անհանգստանում այս խնդրով:

Լուսանկարները և տեսանյութերը՝ Գագիկ Շամշյանի  
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 111+
111+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր