211652_close_icon
views-count1571 դիտում article-date 18:23 22-04-2022

Ապահովել այնպիսի լուծում, որ արցախցին ապրի Արցախում. Մնացածը բաժակաճառ է, որը տանում է պատերազմի. Փաշինյան

Այս պահին հայ-ադրբեջանական բանակցությունների առարկա հանդիսացող բոլոր թղթերի բովանդակությանը հանրությանը ծանոթ է. դա Ադրբեջանի կողմից մեզ փոխանցված 5 կետն է եւ դրան մեր արձագանքը, որը, ըստ էության, ամբողջությամբ հրապարակվել է ելույթների, հարցազրույցների ընթացքում: Այս մասին, այսօր՝ ապրիլի 22-ին, կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Այս գործելակերպը  մենք շարունակելու ենք նաեւ հետագայում, որքանով դա թույլ կտա դիվանագիտական միջպետական հարաբերությունների էթիկան:


Ինչ վերաբերում է ԼՂ կարգավիճակի հարցում նշաձող իջեցնելու վերաբերյալ միջազգային հորդորների մասին իմ  հայտարարություններին հաջորդած շահարկումներին, թե նախկինում հայտնի չի եղել  նման որեւէ հորդորի մասին, պետք է տարակուսանքս  արտահայտեմ այս փաստի առիթովԼ: ԼՂ կարգավորման վերաբերյալ 2016 թվականին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ներկայացրած առաջարկությունները ոչ այլ ինչ են, քան նշաձողն իջեցնելու փաստաթուղթ, որովհետեւ այդ փաստաթղթի իմաստը ԼՂ կարգավիճակի հարցի հետաձգումն էր անորոշ ժամանակով: Անորոշ ասելով, ի դեպ, նկատի էր առնվում տասնամյակներ, եթե ոչ ավել: 2016-ի առաջարկություններում նշաձողի այդպիսի իջեցում էր նաեւ ԼՂ կարգավիճակի որոշման հարցը միջազգային ատյաններին արտապատվիրակելու առաջարկը: ընդ որում, այնպիսի  ատյանների, որոնք նախկինում արդեն դիրքորոշում արտահայտել էին խնդրի մասին Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում:

Նշաձողն իջւեցնելու այդպիսի հորդոր էր ԵԱՀԿ 1996 թվականի լիսաբոնյան գագաթաժողովը: Այդպիսի հորդոր էր 1999-ի «Ընդհանուր պետության»  գաղափարը, այդպիսի հորդոր էր 2001-ի Քիվեսթյան գործընթացը, 2007-ի մադրիդյան սկզբունքները, որոնց վրա էլ հիմնված էին 2016-ի հունվար, հուլիս, օգոստոսի 3 առաջարկները: Նշաձողն իջեցնելու ուղիղ եւ անուղղակի հորդոր են պարունակել 1990-ականներից միջազգային ատյանների կողմից ընդունած տարբեր փաստաթղթեր: Այն, որ այս փաստերի նշանակությունը խնամքով թաքցվել է մեր հանրությունից, չի նշանակում, թե դրանք գոյություն չեն ունեցել»,-հայտարարեց Փաշինյանը:

Նրա խոսքով, այն, որ ինքը հնարավորինս շատ քարտեր է բացում հանրության առաջ, վկայությունն է, որ հանրության առաջ հաշվետու լինելը կարեւոր հանգամանք է իրենց համար:

«Կարճաժամկետ, երկարաժամկետ, միջնաժամկետ առումով մեր մարտավարությունը հետեւյալն է. ապահովել այնպիսի լուծում, որ արցախցին ապրի Արցախում եւ ապրի այնպես, որ իրեն զգա, իրեն համարի արցախցի եւ հայ:

ԼՂ խնդրի որեւէ հանգուցալուծում կամ ԼՂ-ում հաստատված որեւէ իրադրություն, որ այս պայմանները ոչ միայն չի ապահովելու, այլեւ չի երաշխավորելու, ընդունելի չէ մեզ համար եւ չի լինելու երբեք: Սա է առանցքը, մնացածը կներեք, բաժակաճառ է: Այն ուժերը, որոնք ուզում են, որ ՀՀ կառավարությունը որդեգրի բաժակաճառեր, որոնց արդյունքում նոր պատերազմ է սանձազերծվելու եւ Արցախը հայաթափվելու է, ահա նրանք հանձնել են, հանձնում են ոչ միայն Արցախը, այլեւ Հայաստանը:

Բայց նաեւ կարող ենք վստահ լինել, որ մենք դա թույլ չենք տա անել: ՀՀ ժողովուրդը դա թույլ չի տա: Նաեւ թույլ չենք տալու զանազան սադրիչ հայտարարություններ, որոնք մեզ խաղաղության օրակարգից շեղելու նպատակ ունեն, որովհետեւ համոզված ենք, որ հենց այդ օրակարգն է ապահովելու Հայաստանի ու Արախի ապագան»,- ընդգծեց Փաշինյանը:

Նմանատիպ նյութեր