211652_close_icon
views-count1111 դիտում article-date 20:21 25-04-2024

ՀՀ ԳԱԱ-ն և Աթենքի ակադեմիան համագործակցության հուշագիր են ստորագրել

 Հունաստանի Հանրապետության մայրաքաղաք Աթենքում ապրիլի 25-ին տեղի է ունեցել Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի և Աթենքի ակադեմիայի միջև  համագործակցության հուշագրի ստորագրման հանդիսավոր արարողություն։

Հունաստանում Հայաստանի դեսպանության «Ֆեյսբուք»-ի էջը տեղեկացնում է, որ հայկական կողմը ներկայացրել է Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ, ակադեմիկոս Աշոտ Սաղյանը, իսկ հունական կողմը՝ Աթենքի ակադեմիայի նախագահ, պրոֆեսոր Ստամատիոս Կրիմիզիսը։

Ըստ աղբյուրի՝ ստորագրման հանդիսավոր արարողությանը ներկա են եղել նաև Հունաստանի նախկին նախագահ, Աթենքի ակադեմիայի անդամ, պրոֆեսոր Պրոկոպիոս Պավլոպուլոսը, Հունաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը, Աթենքի ակադեմիայի նախկին նախագահ Միխաիլ Ստաթոպուլոսը և գլխավոր քարտուղար Խրիստոս Զերեֆոսը։

Նշվում է, որ հուշագիրը համատեղ գիտական ծրագրերի մշակման և դրանց շուրջ համագործակցության հնարավորություն է ընձեռում՝ սահմանելով դրանց հիմնական ուղղությունները և հաղորդելով դրանց ինստիտուցիոնալ բնույթ։

Հուշագիրը հնարավորություն կընձեռի սկսել փոխադարձ այցելություններ, մասնագիտական վերապատրաստման ծրագրեր, իրականացնել համատեղ գիտական նախաձեռնություններ և կյանքի կոչել գիտնականների, հետազոտողների փոխանակման ծրագրեր։

Դեսպանության տեղեկացմամբ՝ կողմերը համաձայնել են, որ տարբեր ուղղություններում երկարաժամկետ և կարճաժամկետ համագործակցությունը կարող է ներառել համատեղ գիտահետազոտական ծրագրերի իրականացում Հունաստանում և Հայաստանում, ինչպես նաև համատեղ միջոցառումների, գիտաժողովների, ամառային դպրոցների, գիտնականների փոխանակման ծրագրերի կազմակերպում, համատեղ գիտական նյութերի հրապարակում։

Նմանատիպ նյութեր