211652_close_icon
views-count1303 դիտում article-date 11:28 22-04-2022

Ուկրաինան այժմ պայքարում է մեզ համար. Գեներալ Ֆիլիպ Բրիդլավ. «Ամերիկայի ձայն»

Փորձագետները, որոնք հավաքվել էին ապրիլի 20-ին Ատլանտյան խորհրդում, քննարկել են Ուկրաինայի դեմ Ռուսաստանի ռազմական ներխուժման 2-րդ փուլի առանձնահատկությունները։ Հաղորդում է «Ամերիկայի ձայնը»

«Կրեմլի երկարաժամկետ նպատակները չեն փոխվել, համենայն դեպս այս պահին»,- ասում է Ուկրաինայում ԱՄՆ նախկին դեսպան Ուիլյամ Թեյլորը:

«Այո, Մոսկվան մեղմացրել է իր հավակնությունները Կիևի նկատմամբ՝ իշխանությունը փոխելու և Ուկրաինայի արտաքին և ներքին քաղաքականությունը վերահսկողության տակ առնելու հարցում», - ասում է Թեյլորը: - Դա տեղի ունեցավ միայն այն պատճառով, որ ուկրաինական զինված ուժերը հերոսաբար գործեցին և հաջողությամբ պաշտպանվեցին։ Արդյունքում ռուսները զրոյացրին իրենց ծրագրերն ու իջեցրին նշաձողը, գոնե առայժմ։ Բայց երկարաժամկետ հեռանկարում դրանով հաստատ չեն բավարարվի»,- ասել է Թեյլորը։

Պաշտոնաթող գեներալ, Եվրոպայում ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր հրամանատար Ֆիլիպ Բրիդլավն ասում է. «Տեղեկություններ կան, որ Պուտինը ցանկանում է հաղթանակ տանել հենց մայիսի 9-ին՝ Հաղթանակի օրվա տոնակատարությունների օրը: Որպես գլխավոր օբյեկտ, ընտրվել է Մարիուպոլը, որտեղ իսկապես սարսափելի բաներ են կատարվում։ Եվ ես կարծում եմ, որ մեր ժողովուրդը և ամբողջ Արևմուտքը պետք է ոտքի կանգնեն և վերջ դնեն սրան»։

Բացի Կիևի, Չեռնիհովի և Խարկովի շրջաններից զավթիչների ամբողջական արտաքսումից, Ուկրաինան այլ արդյունքների եւս հասել է. ձերբակալվել է Կրեմլի քաղաքական գործակալ Վիկտոր Մեդվեդչուկը, կործանվել է Ռուսաստանի Սևծովյան նավատորմի դրոշակակիրը՝ «Մոսկվա» հածանավը, որը սպառնում էր Օդեսային»,- հիշեցնում է Բրիդլավը:

Ֆիլիպ Բրիդլավը վերլուծում է ուկրաինական բանակի մարտավարությունը. «Ուկրաինացիները շատ արդյունավետ են ցրված գործողություններում». Ժամանակ շահելու նպատակով դիրքային ճակատային պաշտպանությունից խուսափելու մարտավարությունը, որը թույլ է տալիս հակառակորդին թեթևակի խորանալ, ապա դարաններից հարձակվել տեսանելի կետերում, լիովին արդարացրեց իրեն։ Զավթիչները օկուպացված տարածքներում նույնպես հանգիստ կյանք չեն ունեցել. «Ուկրաինացիներն իրենց գերազանց են դրսևորել տարածքային պաշտպանության հարցում, նրանք հստակ գիտեն, թե ինչպես դա պետք է անել. սա մշտական դիմադրություն է։ Եվ եթե նույնիսկ ռուսները փորձեն իրենց թիկունքում պահել օկուպացված տարածքի ինչ-որ հատված, նրանց համար դա շատ դժվար է լինելու։ Այո, և Ղրիմի կամուրջը, որով նրանք այդքան հպարտանում են, շատ խոցելի է», - ակնարկում է վերլուծաբանը:

Ուիլյամ Թեյլորն ավելացնում է. «Վերջերս մի պաշտոնաթող զինվորական ինձ ասաց. «Գիտե՞ս ինչ, ուկրաինացի մարտիկների նման զինվորականներ են մեզ պետք ՆԱՏՕ-ում»:

Պատասխանելով Ուկրաինային այս փուլում ռազմական օգնության առավել անհրաժեշտ տեսակների մասին հարցին՝ փորձագետները նախ թվարկում են հակաօդային պաշտպանության համակարգերը, ավիացիան, ծանր հրետանին, հակահարձակողական տանկերը, հակածովային հրթիռները:

Ֆիլիպ Բրիդլավը ամփոփում է, ասելով, թե. «Ուկրաինան պետք է հաղթի այս պատերազմում: Մենք պետք է նրանց տանք այն ամենը, ինչ անհրաժեշտ է՝ ամեն ինչ, բացի զանգվածային ոչնչացման զենքերից։ Եվ այս ամենը պետք է մատուցվի հիմա»։

Անդրադառնալով միջուկային զենք օգտագործելու Պուտինի մշտական սպառնալիքներին՝ գեներալ Ֆիլիպ Բրիդլավը նշում է. «Ամենակարևոր բանը, որ մենք պետք է հասկանանք այս միջուկային մարտագլխիկների մասին, այն է, որ Պուտինը կարող է իրականում օգտագործել դրանք: Բայց ավելի ուշագրավ է, որ Պուտինը հույսը դնում է մեզ սպառնալու վրա։ Եվ սա առաջին խոչընդոտն է, որը մենք պետք է հաղթահարենք։ Մեզ հետ է պահում Երրորդ համաշխարհային պատերազմի սպառնալիքը։ Բայց ինչ-որ առումով մենք արդեն դրա մեջ ենք։ Պուտինն ու Շոյգուն հաստատ հաճույք են ստանում մեծ խաղալիքներով խաղալով։ Մարտավարական միջուկային հարվածի մասին կետը վաղուց է ներառված նրանց ռազմական հայեցակարգում։ Այս սպառնալիքները չպետք է մեզ վախեցնեն կամ կաթվածահար անեն։ Մենք պետք է լուրջ վերաբերվենք նրանց, բայց դա չի նշանակում, որ մենք չպետք է դադարեցնենք ցեղասպանությունը Ուկրաինայում։ Իսկ եթե նույնիսկ դա ռիսկային է, մենք պետք է գնանք այդ համարձակությանը»:

Վերլուծաբաններից Ուիլյամ Թեյլորը կարծում է, որ ուկրաինական տարածքում ռուսական բանակի նոր ռազմական հանցագործությունների բացահայտմանը զուգահեռ «Ուկրաինայի ապագա չեզոքության վերաբերյալ բանակցությունների ոգևորությունը կարող է նույնիսկ թուլանալ»:

Ատլանտյան խորհրդի Եվրասիա կենտրոնի տնօրեն, ինչպես նաև 2003-2006 թվականներին Ուկրաինայում ԱՄՆ դեսպան Ջոն Հերբստը կարծում է, որ «ցեղասպանության ակտերը, որոնք արդեն բացահայտվում են, ավելի են շեշտում ՆԱՏՕ-ի կազմի մեջ Ուկրաինան ընդգրկելու կարեւորությունը: «Չի բացառվում չեզոքության գաղափարից հրաժարումը: Իսկ այս հարցի շուրջ քննարկումները սկսվում են ԱՄՆ-ում»:

Գեներալ Բրիդլավը կարծում է, որ «Բեռլինի պատի փլուզումից հետո առնվազն երկու տասնամյակ «մենք փորձում էինք արջի հետ գրկախառնված», այդ արջին` Ռուսաստանին գրավել դեպի Արևմուտք՝ առաջարկելով նրան նոր արժեհամակարգ։ Այս ամբողջ ընթացքում մենք լիովին սխալ էինք, քանի որ Կրեմլը պատրաստվում էր այն ամենին, ինչ մենք հիմա տեսնում ենք Ուկրաինայում։ 2008 թվականին մենք հստակ նախազգուշացում ստացանք, սակայն աչքաթող արեցինք: Հիմա մենք վճարում ենք այդ սխալ որոշումների գինը, երբ փորձում ենք շտապ վերականգնել ՆԱՏՕ-ի հնարավորությունները։ Ուստի հուսով եմ և աղոթում եմ, որ մենք ճիշտ դասեր կքաղենք այն ամենից, ինչ հիմա տեսնում ենք»,- եզրափակում է Բրիդլավը։

ՆԱՏՕ-ի միացյալ ուժերի նախկին հրամանատարն իր խոսքը եզրափակում է հետեւյալ կերպ. «Ուկրաինան այժմ կռվում է առաջնագծում՝ մեզ համար, պաշտպանելով մեզ։ Եվ նա պետք է հաղթի այս մենամարտում»:

Նմանատիպ նյութեր