211652_close_icon
views-count24925 դիտում article-date 14:32 12-04-2022

Գորիսում աղմկահարույց սպանության գործով կասկածյալը քննիչների բացատրական աշխատանքների շնորհիվ ներկայացել է մարզային քննչական վարչություն․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ այսօր, ապրիլի 12-ին, Հայաստանի քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության քննիչների՝ վարչության պետ Սարգիս Մարգարյանի գլխավորությամբ, կատարած բացատրական աշխատանքների արդյունքում Սյունիքի մարզային քննչական վարչություն է ինքնակամ ներկայացել Գորիս քաղաքի բնակիչ 32-ամյա Հարություն Սինանյանը։ 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Մկրտչյանի որոշմամբ՝ սպանության կասկածանքով ձերբակալվել է։ 

Ավելի վաղ SHAMSHYAN.com-ը հայտնել էր, որ ապրիլի 10-ին, կրակոցեր են հնչել Սյունիքի մարզում։

Ժամը 23։20-ի սահմաններում ոստիկանության Գորիսի բաժին «Գորիս» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել, որ «կրծքավանդակի աջ կեսի առաջային մակերեսի վերք, ձախ անոթափոսի վերք հրազենային բնույթի» ախտորոշմամբ՝ իրենց մոտ է տեղափոխվել քաղաքացու դի։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել ոստիկանության Սյունիքի մարզային վարչության պետ Ալիկ Մամիկոնյանը, ոստիկանության Գորիսի բաժնի պետ Ալեն Կարապետյանը։  Ժամանել է նաև Սյունիքի մարզի դատախազ Էդուարդ Հարությունյանը։

Ոստիկանները պարզել են, որ մահացածը Գորիս քաղաքի բնակիչ 56-ամյա Գուրգեն Խաչատրյանն էր։ 

Ոստիկանության Սյունիքի մարզային վարչության, ոստիկանության Գորիսի բաժնի քրեական հետախուզության և համայնքային ոստիկանության բաժանմունքների ծառայողները, հետո նրանց միացած Հայաստանի քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության քննիչները՝ վարչության պետ Սարգիս Մարգարյանի և ավագ քննիչ Մկրտչյանի գլխավորությամբ, ձեռնարկելով անհրաժեշտ օպերատիվ և քննչական համատեղ գործողություններ, տաք հետքերով պարզել են, որ նույն օրը, ժամը 23։00-ի սահմաններում Գորիս քաղաքի Գետափնյա փողոցի 13 շենքի հարևանությամբ Գորիսի բնակիչ 32-ամյա Հարություն Սինանյանը անձնական հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ իր մոտ գտնվող հրազենով կրակել է Գ․ Խաչատրյանի վրա, ինչն էլ դարձել է վերջինիս մահվան պատճառ։ 

Դեպքի վայրում հայտնաբերվել են 9 մմ տրամաչափի 3 հատ կրակված պարկուճներ, դանակ և արնանման հետքեր։ 

Քննիչի որոշմամբ՝ նշանակվել են դատաձգաբանական, դատակենսաբանական և դիակի դատաբժշկական փորձաքննություններ։  Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ սպանության կասկածանքով որոնվող Հ․ Սինանյանը Գորիսում հայտնի, ընդդիմադիր հայացքներ ունեցող քաղաքական գործիչներից մեկի ընկերն է։ 

Լուսանկարները՝ Յուրա Գաբրիելյանի

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 0+
0+

Նմանատիպ նյութեր