211652_close_icon
views-count1780 դիտում article-date 22:08 19-08-2026

Երևանում 250-ից ավելի բնակիչներ, այդ թվում անչափահասներ և մեծահասակներ, 4 օր մնացել էին առանց լույս. նրանք ասում են. «Մեր դարդին միայն ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչն ու նրա թիմը կարեկից եղան, գերլարված աշխատեցին, մեզ լույս տվեցին». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

SHAMSHYAN․com-ը  օգոստոսի 17-ին ֆոտոռեպորտաժ, տեսանյութ էր հրապարակել Շենգավիթ վարչական շրջանի Արշակունյաց պողոտայի 6 հարկանի շենքի 250-ից ավելի բնակիչների՝ 4 օր շարունակ մթության տակ իրենց առօրյան անցկացնելու մասին, երբ «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության ոչ սրտացավ մոտեցման պատճառով ամբողջ շենքը 4 օր շարունակ մնացել էր առանց էլեկտրաէներգիայի, այն դեպքում, երբ շենքում բնակվում են նաև մեծ թվով անչափահասներ, ինչպես նաև մեծահասակներ, որոնցից 20-ից ավելին գտնվում են անկողնային վիճակում։

Բնակիչները խնդրանքով դիմել էին «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանին և հրապարակումից 30 րոպե չանցած բնակիչները տեղեկացրեցին, որ ՀԷՑ-ի մեծ թվով մասնագետներ, անվտանգության աշխատակիցներ ժամանել են իրենց, տեղում ուսումնասիրել են խնդիրը, ինչից հետո ՀԷՑ-ի պաշտոնյաներից մեկը, ում տվյալները չգիտեին, հայտնել էր, որ Ռ․ Պետրոսյանը հանձնարարել է՝ մինչև բնակիչների էլեկտրաէներգիան չվերականգնվի, ՀԷՑ-ի ոչ մի աշխատակից չպետք է տուն գնա, այն դեպքում, երբ արդարության համար տեղեկացնենք, որ ՀԷՑ-ը տվյալ շենքում ոչ մի իրավասություն չուներ էլեկտրաէներգիան վերականգնելու։ Սակայն ցուցաբերելով մարդկային վերաբերմունք, 8 ժամից ավելի ՀԷՑ-ի աշխատակիցները հատուկ շարժական լաբորատորիայի միջոցով գտնում են վթարված մալուխների վայրը ու արդեն մասնագետները մի քանի ժամ շարունակ աշխատանքներ են իրականացնում և վերականգնում հոսանքը։

Այսօր՝ օգոստոսի 19-ին, բնակիչները իրենց շնորհակալությունն էին հայտնում ՀէՑ-ի ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանին, ՀԷՑ-ի այն բոլոր աշխատակիցներին, ովքեր մի քանի ժամ շարունակ աշխատանքներ կատարեցին և իրենց ապահովեցին հոսանքով. «Մենք հատուկ մեր երախտիքի խոսքն ենք ուղղում ՀԷՑ-ին, նաև խնդրանքով դիմում ենք Ռ. Պետրոսյանին, որպեսզի այս արատավոր երևույթը, որ երկար տարիներ Հարավկովկասյան երկաթուղի ընկերությունը ցուցաբերում է մեր նկատմամբ, քանի որ չկա շաբաթ, որ չզրկվենք հոսանքից, անգամ եղել են դեպքեր, երբ Ամանորն ու դրան հաջորդող մի քանի օրերի կամ ընդհանրապես հոսանք չենք ունեցել, կամ էլ 1-2 ժամ են տվել, մինչդեռ կանոնավոր վճարումները կատարում ենք»։

Ֆոտոլրագրողը հայտնում է՝ նախորդ նյութի հրապարակումից հետո ֆեյսբուքյան որոշ օգտատերեր առանց նյութին ծանոթանալու դարակազմիկ մեկնաբանություններ էին գրում՝ մեղադրելով ՀԷՑ-ին, թե տեսեք-տեսեք, Ռոմանոս Պետրոսյանի կառույցը ինչ օրն է գցում քաղաքացիներին։ Մինչդեռ եթե նյութին ամբողջությամբ ծանոթանային, նման մեղադրանքներ չէին ուղղի ՀԷՑ-ի հասցեին, ընդհակառակը, այս դեպքում ՀԷՑ-ին պիտի ուղղեն գովեստի խոսքեր։

Ինչպես ավելի վաղ տեղից հայտնել էր ֆոտոլրագրողը, արդեն 4-րդ օրն էր լրանում, ինչ արտակարգ իրավիճակ էր ստեղծվել Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի Արշակունյաց 127/32 հասցեի 6 հարկանի բնակելի շենքում, որտեղ ապրող 250-ից ավելի բնակիչներ, որոնց մեջ մեծ թիվ են կազմում երեխաներն ու առողջական խնդիրներ ունեցող մեծահասակները, հերթական անգամ հայտնվել էին անօգնական վիճակում։

Օգոստոսի 17-ին ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում բնակիչները, ինչպես նաև երեխաները, մութ սենյակներից ու բակի խաղահրապարակից խնդրանքով դիմել էին վարչապետ Նիկոլ Փաշինյանին։

Նրանք ասել էին. «Հարգելի Նիկոլ Փաշինյան, մեզ փրկեք էս մութ ու գորշ դարձած կյանքից։ 21-րդ դարում մենք 4-րդ օրն է մութն ընկնելուն պես չգիտենք ինչ անել։ Էլ չենք ասում, որ մեր շենքում կան մեծ թվով մեծահասակներ, ովքեր բժշկական անհրաժեշտ օգնություն ստանալու համար հատուկ սարքավորումներ միացնելու կարիք ունեն, սակայն 4-րդ օրն է զրկված ենք էլեկտրաէներգիայից ու հիմա իսկապես հայտնվել ենք քարե դարում։ 

Մենք գիտենք, որ ձեր մի հանձնարարականը բավական է, որպեսզի պատասխանատու ընկերությունը, որը տվյալ դեպքում «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունն է, խնդիրը կարգավորի։ 

Մենք գիտենք, որ այստեղ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը ոչ մի մեղք չունի։ Էն որ ասում են՝ շան գլուխը թաղված է «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության տակ ու իրենք են մեղավոր, որ 250-ից ավելի քաղաքացիներ էս օրն են ընկել։ 

Պատկերացնո՞ւմ եք, ամառվա այս տապին ամբողջ սնունդը սառնարաններում փչացել է, այն թափել ենք։ Էդ հոսանք չլինելու պատճառով նասոսներն էլ չեն աշխատում ու ստիպված խանութներից ջուր ենք կրում, բերում, երեխաների հիգիենան հոգում։ Լվացք ենք ուզում անել, բայց դրա համար հոսանք է պետք, արդուկ է պետք։ Չգիտենք ինչ անել, դրա համար դիմում ենք ձեզ՝ վստահ լինելով, որ մեր հարցը վերջնականապես կլուծվի։ Նույնիսկ ուզում ենք դառնալ ՀԷՑ-ի հիմնական բաժանորդ ու այլևս գործ չունենանք «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության հետ։

Հիմա չգիտենք էլ, թե քանի օր կտևի էս մեր մութ ու գորշ, անլույս կյանքը»։

Ֆոտոլրագրողը հայտնել էր, որ երկաթգծից բնակիչներին ասել էին, որ պատճառը վթարն էր, սակայն բնակիչները պարզել էին, որ դա սուտ էր, ոչ մի վթար էլ չէր եղել։

Լուսանկարները և տեսանյութերը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր