211652_close_icon
views-count8848 դիտում article-date 16:33 18-08-2026

Ողբերգական դեպք՝ Նոր Հաճնում. կառավարության ֆինանսավորմամբ հիմնանորոգվող պոլիկլինիկայում վերամբարձ կռունկի երկաթե մի հատված պոկվել ու ընկել է․ կա 2 զոհ, 1 վիրավոր․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ

Այսօր՝ օգոստոսի 18-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 14:50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Կոտայքի մարզային վարչությունում և ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Նաիրիի բաժնում միաժամանակ օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Նոր Հաճն քաղաքում կառուցվող շենքի շինհրապարակում վերամբարձ կռունկի մի հատված, որով ցեխ են տեղափոխում, պոկվել և ընկել է աշխատակիցների վրա։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամանել են քրեական ոստիկանության Կոտայքի մարզային վարչության ծառայողները՝ բաժնի պետ Վահան Մանուկյանի, ոստիկանության Նաիրիի բաժնի պետ Սուրիկ Ջանիկյանի, բաժնի պետի տեղակալ Արտակ Մկրտչյանի  գլխավորությամբ, և ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության Կոտայքի մարզային փրկարարական վարչության Նաիրիի և Աբովյանի հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները՝ վարչության պետ Գևորգ Սեդրակյանի, Աբովյանի հրշեջ-փրկարարական ջոկատի հրամանատար Հովհաննես Աբգարյանի, ջոկատի հրամանատարի տեղակալ Տիգրան Ասատրյանի գլխավորությամբ։

Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Ալբերտ Մարտիրոսյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ, օրվա պատասխանատու Արտակ Ասատրյանի, դասակի հրամանատարի տեղակալ Քաջիկ Ավետիսյանի գլխավորությամբ։

Տեղում պարզվել է, որ ստացված տեղեկությունը հավաստի է։ 

Տեղում հայտնաբերվել է մահացած 1 հոգի, 2 հոգի էլ, որոնց քաղաքացիներն ու փրկարարները պատգարակներով մոտեցրել են շտապօգնության մեքենաներին, տեղափոխել են հիվանդանոց։ Ճանապարհին նրանցից մեկը գիտակցության չգալով մահացել է։ Մյուսը գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում և տեղափոխել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։

Դեպքի մասին ոստիկանության Նաիրիի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետ Հովհաննես Չալաբյանի, վարչության պետի տեղակալ Աշոտ Մելքումյանի, Նաիրիի քննչական բաժնի պետ Յուրա Պապյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչներ Համբարձում Հարությունյանի, Անուշ Հովհաննիսյանի և Տավրոս Առաքելյանի գլխավորությամբ։

Իրավիճակը տեղում բավականին լարված էր, քանի որ մահացածների և վիրավորի հարազատներն են ժամանել, սակայն իրավապահներին հաջողվում է իրավիճակը պահել իրենց հսկողության տակ։

Հաշվի առնելով դեպքը ժամանել է նաև Եղվարդի դատախազ Վարդան Արսենյանը։

Շենքը, որտեղ տեղի է ունեցել ողբերգական դեպքը, նախկինում եղել է Նոր Հաճնի պոլիկլինիկան ու կառավարության ֆինանսավորմամբ այն հիմնանորոգվում էր, կարելի է ասել զրոյից կառուցվում էր շենք

Դեպքի փաստով Նաիրիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են մահացածների և վիրավորի ինքնությունը։

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+

Նմանատիպ նյութեր