211652_close_icon
views-count1221 դիտում article-date 15:38 30-03-2022

ՄԻՊ ներկայացուցիչը մասնակցել է Վիեննայում ԵԱՀԿ Մարդկային հարթության 1-ին լրացուցիչ հանդիպմանը

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչ Աննա Կարապետյանը մասնակցել է «Միջազգային համագործակցություն՝ ուղղված միջազգային մարդասիրական իրավունքի և մարդու իրավունքների խախտումների դեմ պայքարին» խորագրով (International co-operation to address violations of international humanitarian law and international human rights law) ԵԱՀԿ Մարդկային հարթության 1-ին լրացուցիչ հանդիպմանը, որը կայացել է 2022 թվականի մարտի 28-29-ին Վիեննայում: Տեղեկացնում է ՄԻՊ գրասենյակը։

Քննարկմանը ելույթով է հանդես եկել ՄԻՊ ներկայացուցիչը՝ անդրադարձ կատարելով Արցախյան պատերազմի ընթացքում Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների և միջազգային մարդասիրական իրավունքի խախտումներին, ինչպես նաև պատերազմի հետևանքով Արցախում առաջացած հումանիտար ճգնաժամին:

ՄԻՊ ներկայացուցիչը ներկայացրել է ՀՀ սահմանային բնակչության դեմ ադրբեջանական կողմի միջազգային մարդասիրական իրավունքի և մարդու իրավունքների խախտումներն ու հայկական կողմի ռազմագերիների նկատմամբ ադրբեջանական իրավասուների կողմից իրականացված խոշտանգումները՝ հղում կատարելով ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի արտահերթ զեկույցներում ներկայացված փաստերին:

Մասնավորապես՝ ելույթում նշվել է, որ ադրբեջանական զինված ուժերի ներկայությունը հումանիտար լրջագույն խնդիրների առջև է կանգնեցրել ՀՀ սահմանային բնակիչներին: Միջազգային իրավունքի բոլոր հանրաճանաչ նորմերը խախտող ադրբեջանական իշխանությունների վարքագծի հետևանքով Արցախում մարդիկ շաբաթներ շարունակ զրկված են գազամատակարարումից, ինչը խոչընդոտում և բացառում է վերջիններիս առողջության, կրթության, աշխատանքի  և այլ հիմնարար իրավունքների կենսագործումը: Վերջին օրերի ադրբեջանական ագրեսիվ գոործողությունների հետևանքով առաջ են եկել ոչ միայն սոցիալական, այլ նաև անվտանգային լրջագույն խնդիրներ:

ՄԻՊ ներկայացուցիչը հատուկ անդրադարձ է կատարել նաև Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների ու քաղաքացիական անձանց վերադարձի հրատապությանը: 

Ելույթում խստորեն դատապարտվել է ադրբեջանական հանցավոր վարքագիծն ու կոչ է արվել մարդու իրավունքների ազգային հաստատություններին և միջազգային կազմակերպություններին գործել՝ դադարեցնելու Արցախի բնակչության դեմ ուղղված ցեղասպան քաղաքականությունը։ ՄԻՊ ներկայացուցիչն իր խոսքում կարևորել է նաև զինված հակամարտության գոտիներում, թե՛ հակամարտության ընթացքում, թե՛ դրանից հետո միջազգային կազմակերպությունների ներկայության ապահովումը տեղում՝ որպես խաղաղ բնակչության իրավունքների երաշխավորման ու պաշտպանության երաշխիք և մեխանիզմ:

Նմանատիպ նյութեր