211652_close_icon
views-count1421 դիտում article-date 18:56 29-03-2022

Արցախի նախագահը ՊՆ վարչական համալիրում աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը մարտի 29-ին այցելել է Պաշտպանության նախարարություն և ՊԲ հրամկազմի ու ուժային մյուս կառույցների պատասխանատուների մասնակցությամբ աշխատանքային խորհրդակցություն անցկացրել, տեղեկացնում են Արցախի նախագահի աշխատակազմից:

Իր խոսքում երկրի ղեկավարը, նախ, բարձր է գնահատել օրերս շփման գծի արևելյան հատվածում Պաշտպանության բանակի և ուժային մյուս կառույցների ու կամավորականների՝ Հայրենիքի պաշտպանության գործում ցուցաբերած խիզախությունը: Նախագահը իր խոնարհումն է բերել զոհված զինծառայողների հիշատակին, նշել, որ նրանցից յուրաքանչյուրն իրեն դրսևորել է իսկական հերոսի պես:

Անդրադառնալով ստեղծված ռազմաքաղաքական իրավիճակի վերջին զարգացումներին՝ Արայիկ Հարությունյանը շեշտադրել է, որ հատկապես վերջին օրերին Արցախի բնակավայրերի ու խաղաղ բնակչության նկատմամբ Ադրբեջանի կողմից ինտենսիվ կերպով կիրառվող ռազմական և հոգեբանական բնույթի ագրեսիան պայմանավորված է առաջնահերթորեն արտաքին քաղաքական գործընթացներով:

Ներկաներին ներկայացվել են այն հիմնական աշխատանքները, որոնք Արցախի իշխանությունները շուրջօրյա ռեժիմով ու տարբեր մակարդակներում իրականացնում են իրավիճակը կայունացնելու, լիցքաթափելու և ադրբեջանական զորքերը ելման դիրքեր վերադարձնելու ուղղությամբ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են երկրի պաշտպանունակությանը նվիրված մի շարք օրախնդիր հարցեր: Նախագահի կողմից այդ ուղղությամբ նոր հանձնարարականներ են տրվել:

Նմանատիպ նյութեր