211652_close_icon
views-count272907 դիտում article-date 22:53 26-03-2022

Տեսախցիկն արձանագրել է՝ ինչպես են պարեկները, բուժքույրն ու անվտանգության աշխատակիցները ծայրահեղ ծանր վիճակում գտնվող քաղաքացուն տեղափոխում  հիվանդանոց, որտեղ էլ բժիշկները փրկում են նրա կյանքը․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Երեկ, մարտի 25-ին, SHAMSHYAN.com-ը ֆոտոռեպորտաժ և տեսանյութ էր հրապարակել, որ ՀՀ ոստիկանության Պարեկային ծառայության Երևանի գնդի 4-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկների և «Արմենիա» բժշկական կենտրոնի բժիշկների շնորհիվ հնարավոր է եղել փրկել Երևանի բնակիչ 48-ամյա տղամարդու կյանքը։ 

Հրապարակումը մեծ արձագանք ստացավ ու քաղաքացիները իրենց երախտիքի խոսքն էին ուղղում պարեկներին և բժիշկնեին։ 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, «Արմենիա» բժշկական կենտրոնի բուժանձնակազմի շնորհիվ՝ տուժածի կյանքին վտանգ չի սպառնում։ Իսկ Երևանի գնդի պարեկների հետ տուժածին պատգարակով հիվանդանոցի համապատասխան բուժսենյակ են տեղափոխել «Արմենիա» բժշկական կենտրոնում «Պերսոնալ սեքյուրեթի» կազմակերպության անվտանգության աշխատակիցներ Մացակ Գևորգյանը, Կարեն Մակարյանը, Հովհաննես Դեգոյանն ու Լևոն Սահակյանը։ Իսկ մինչև հիվանդանոց տեղափոխելը, պատգարակի վրա ծայրահեղ ծանր վիճակում գտնվող քաղաքացուն օգնություն է ցուցաբերել բուժքույր Սիրանույշ Ավագյանը։ 

Նշված անձանց անունները հատուկ նշում ենք այն ընթերցողի համար, ով համացանցում գրել էր, թե այդ ամենը շոու է, ոչ մի քաղաքացի էլ չի վատացել։ Մինչդեռ SHAMSHYAN.com-ը ներկայացնում է նաև բացառիկ տեսանյութ, թե ինչպես են պարեկները, բուժքույրն ու հիվանդանոցի անվտանգության աշխատակիցները տղամարդուն պատգարակով տեղափոխում հիվանդանոց։  

Ավելի վաղ ֆոտոլրագրողը դեպքի վայրից հայտնել էր, որ մարտի 25-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 10։40-ի սահմաններում ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 4-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արմեն Գասպարյանի, վաշտի հրամանատար Ստաֆֆի Դիլանյանի գլխավորությամբ Արաբկիր վարչական շրջանում ծառայություն կատարելիս են լինում, երբ նույն վաշտի ավագ պարեկ Վարդգես Սահրադյանն ու կրտսեր պարեկ Արմեն Բադալյանը գումարտակի հրամանատար Ա. Գասպարյանին տեղեկացնում են, որ «Արմենիա» բժշկական կենտրոնի վարչական տարածքում կայանված և շարժիչը միացված Opel մակնիշի ավտոմեքենայի հետնամասում տղամարդ կա պառկած, և ունեն կասկածներ, որ ինչ-որ բան այն չէ։ 

Պարեկները մի քանի անգամ ծեծում են մեքենայի պատուհանները, որպեսզի վարորդն արթնանա, սակայն տեսնելով, որ նա չի արձագանքում, տեղում ճիշտ որոշում են կայացնում. կոտրում են ավտոմեքենայի աջ կողմի ապակին ու այնտեղից դուրս են բերում տղամարդուն, ով լինում է անգիտակից վիճակում, և բերանից կասկածելի փրփուր էր դուրս գալիս։ 

Պարեկները շտապ մտնում են «Արմենիա» բժշկական կենտրոն, վերցնում այնտեղից պատգարակ ու այդ տղամարդուն պատգարակով մոտեցնում են հիվանդանոցի ընդունարան, որտեղ էլ բժիշկների շնորհիվ հնարավոր է լինում փրկել այդ տղամարդու կյանքը։

Ֆոտոլրագրողի հետ զրույցում հիվանդանոցի աշխատակիցներն ասում էին.. «Նկատեցինք, որ 2 պարեկ շնչակտուր մտան շենք ու մեզանից պահանջում էին պատգարակ։ Ճիշտն ասած՝ մտածեցինք, երևի իրենց մեքենայով ինչ-որ վիրավորի են բերել, բայց, որ պատգարակը վերցրեցին ու վազեցին դեպի մուտքից մի 100 մետր հեռավորության վրա, հետաքրքրեց։ Հետևներից գնացինք ու արդեն տեսանք, թե ինչպես են 2 այլ պարեկներ մեքենայից դուրս բերում մի տղամարդու։ Շտապ տեղափոխեցին մեզ մոտ։ Լավ էր, այդ տղամարդու կյանքին վտանգ չի սպառնում, բայց այս պահին գտնվում է ծանր կայուն վիճակում։ Որպես բժիշկներ, կասենք՝ եթե մի քանի րոպե ուշ օգնություն ցուցաբերվեր այդ տղամարդուն, վերջաբանը ողբերգական կլիներ։ Մենք էլ, մեր հերթին, մեր շնորհակալությունն ենք հայտնում երիտասարդ պարեկներին, որոնց շնորհիվ քաղաքացին փրկվեց»։

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի 

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 37+
37+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր